գլխավոր COVID-19 ԱՄՆ-ն նոյեմբերից կմեղմացնի սահմանափակումները պատվաստված զբոսաշրջիկների համար

ԱՄՆ-ն նոյեմբերից կմեղմացնի սահմանափակումները պատվաստված զբոսաշրջիկների համար

Միացյալ Նահանգները նոյեմբերին կվերաբացի օդային ուղևորությունները 33 երկրից, այդ թվում՝ Չինաստանից, Հնդկաստանից, Բրազիլիայից և եվրոպական երկրներից շատերից ժամանող զբոսաշրջիկների համար, որոնք ամբողջական պատվաստում ստացած կլինեն «Քովիդ-19»-ի դեմ:

Ինչպես հաղորդում է Reuters գործակալությունը, համավարակով պայմանավորված  ճանապարհորդական խստացված սահմանափակումների մեղմացման մասին հայտնել են Սպիտակ տնից:

Միացյալ Նահանգներից առաջ մի շարք այլ դաշնակից երկրներ արդեն դիմել էին սահմանափակումների մեղմացման քայլին: Նրանցից շատերը, այդ թվում՝ Մեծ Բրիտանիան և Գերմանիան ողջունել են ԱՄՆ-ի այս քայլը:

ԱՄՆ-ն ավելի վաղ արգելել էր զբոսաշրջիկների մուտքը երկիր, այդ թվում և տասնյակ հազարավոր արտասահմանցի, որոնք բիզնեսներ կամ հարազատներ ունեն ԱՄՆ-ում:

ԱՄՆ-ն կթույլատրի պատվաստված զբոսաշրջիկների մուտքը Շենգեն գոտու 26 երկրից, այդ թվում՝ Ֆրանսիայից, Գերմանիայից, Իտալիայից, Իսպանիայից, Շվեյցարիայից, Հունաստանից, ինչպես նաև Չինաստանից, Մեծ Բրիտանիայից, Հարավային Աֆրիկայից, Իրանից, Բրազիլիայից և Հնդկաստանից: