գլխավոր Տնտեսություն ԱՄՆ-ն իր շուկան փաստացի փակել է հայկական փայլաթիթեղի համար և տեղ տվել...

ԱՄՆ-ն իր շուկան փաստացի փակել է հայկական փայլաթիթեղի համար և տեղ տվել թուրքականին

ԱՄՆ-ն բարձր մաքսատուրք է սահմանել Հայաստանից ներմուծվող փայլաթիթեղի համար։ Տեղեկությունը հայտնում է ԱՄՆ Միջազգային առևտրի դեպարտամենտը։ Ըստ կայքի` հայկական փայլաթիթեղի դեպքում 29,11 տոկոս մաքսատուրք է կիրառվելու։

2020 թվականի սեպտեմբերին ԱՄՆ առևտրի դեպարտամենտը հետաքննություն էր սկսել Հայաստանից, Ռուսաստանից, Բրազիլիայից, Թուրքիայից և Օմանից ներմուծվող փայլաթիթեղի հարցով։ Հիմք էր հանդիսացել ամերիկյան մի քանի գործարանների բողոքը, որոնք հայտարարել էին, թե փայլաթիթեղն այդ երկրներից բերվում է չարդարացված ցածր գնով և խանգարում տեղական արտադրությանը:

Դեպարտամենտը հինգ երկրների արտադրողներից մանրամասն տվյալներ էր պահանջել արտադրական ծախսերի և տրանսպորտային ծախսերի վերաբերյալ, որոնք ներկայացվել են:

“Արմենալը” հայտնել է, որ պետությունից ոչ մի սուբսիդիա չի ստանում՝ ո՛չ ուղղակի (դրամական օգնության տեսքով), ո՛չ անուղղակի (կոմունալ ծառայությունների կամ հարկային տարկետումների գծով)։

Այնուամենայնիվ, հանձնաժողովը համարել է, որ «Ռուսալ-Արմենալն՞ արհեստականորեն է իջեցնում գները։ Այդ մասին նշվել է մայիսի 4-ի նախնական եզրակացության մեջ, սակայն առանց պատճառները բացատրելու. դեպարտամենտն իր եզրակացության մեջ չի պարզաբանել՝ որտեղ է գործարանը իջեցնում գները և ինչպես։ Որոշման մեջ նշվում էր, որ գործարանը պետք է վճարի գրեթե 200 տոկոս մաքսատուրք։

Վերջնական որոշմամբ դեպարտամենտը որոշել էր տուրքը նվազեցնել մինչև 29, 11%։

Հատկանշական է, որ Թուրքիայից ներմուծվող փայլաթիթեղի համար գրեթե զրոյական տուրք է սահմանվել՝ 2,28 տոկոս (թեև Թուրքիան զանգվածաբար սուբսիդավորում է իր արդյունաբերությունը)։ Օմանի համար սահմանվել է 3,89 տոկոս, Բրազիլիայի համար՝ 63,05 տոկոս մեկ գործարանի համար և մյուսների համար՝ 13,93 տոկոս: Ռուսաստանի համար տուրքը սահմանվել է 62,08 տոկոս (բոլոր գործարանների համար)։