գլխավոր Հարցազրույց Էրդողանի հետ հանդիպելու առաջարկը գուցե Փաշինյանի և մի քանի թիմակցի լոկալ խաղն...

Էրդողանի հետ հանդիպելու առաջարկը գուցե Փաշինյանի և մի քանի թիմակցի լոկալ խաղն է. Մելքոնյան

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի` Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպելու հայտարարությունը կոնֆիդենցիալ առաջարկի բացահայտում է, որն ունի մի քանի ենթաշերտեր, և դրանցից որևէ մեկը ի նպաստ Հայաստանի չէ և չի բխում մեր երկրի շահերից, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

«Էրդողանի խոսքում չթաքցրած ակնարկ կար, որ եթե Հայաստանն անի համապատասխան քայլեր, ապա Թուրքիան պատրաստ է սկսել ոչ թե դիվանագիտական հարաբերությունների հաստատման գործընթաց, այլ ընդամենը քաղաքական երկխոսություն, որի ընթացքում պետք է ինչ–որ բան տալ–վերցնել, ինչն էլ ենթադրում է թուրքական նախապայմանների շարունակություն, ուստի նման դիրքում, նման մեկնարկային պայմաններում Հայաստանի դիվանագիտությունը լուրջ շանսեր չունի Թուրքիայի նման բարդ խաղացողի հետ շահեկան դիրքերում հայտնվելու և բանակցելու»,– նշեց թուրքագետը։

Մելքոնյանի դիտարկմամբ` նախ պետք է արձանագրել, որ Էրդողանի հայտարարությունը ոչ միայն ուշագրավ էր տխուր իմաստով, այլև դիվանագիտական արարողակարգով խիստ վիրավորական էր, որովհետև երբ լսում ենք հայտարարության թուրքերեն տեքստը, ապա այդտեղ Էրդողանը Հայաստանի վարչապետի պաշտոնը և ՀՀ վարչապետի անուն–ազգանունը նույնիսկ չի էլ տալիս, այլ խոսում է երրորդ դեմքով, իսկ “Վրաստանի վարչապետ” եզրույթը հնչեցնում է երկու անգամ։

«Դիվանագիտական արարողակարգով, իսկ ավելի կոնկրետ` արևելյան ընկալման շրջանակներում սա ֆիքսում է դիմացինի սուբյեկտայնության զրոյական մակարդակը, խոսողի վերաբերմունքը նրա հանդեպ, և բնականաբար ունի նաև քաղաքական ենթատեքստ, այսինքն` ի ցույց է դնում, որ Հայաստանն է խնդրողի դերում, և փաստորեն 44-օրյա պատերազմում կրած պարտությունից հետո Թուրքիայի կողմից թշնամական քաղաքականության շարունակության պարագայում Հայաստանը հանդես է գալիս որպես նախաձեռնող, դիմող կողմ` նոր հարաբերություններ հաստատելու ակնկալիքով»,– ասաց թուրքագետը։

Շարունակությունն՝ սկզբնաղբյուր կայքում