գլխավոր Միջազգային ԱՄՆ – ը չի հրաժարվի Ավստրալիայի հետ գործարքից՝ չնայած Փարիզի դժգոհությանը

ԱՄՆ – ը չի հրաժարվի Ավստրալիայի հետ գործարքից՝ չնայած Փարիզի դժգոհությանը

ԱՄՆ-ի իշխանությունները չեն հրաժարվի Ավստրալիայի եւ Մեծ Բրիտանիայի հետ ատոմային սուզանավերի շուրջ պայմանավորվածությունից, չնայած Ֆրանսիայի դժգոհությանը: Այս մասին ՏԱՍՍ-ի փոխանցմամբ՝ հայտնել Է Սպիտակ տան մամուլի քարտուղար Ջեն Փսակին։

Լրագրողներից մեկը հարցրել է, թե արդյոք ԱՄՆ-ն մտադիր է հրաժարվել համապատասխան գործարքից՝ հաշվի առնելով Ֆրանսիայի դիրքորոշումը։ «Ոչ, մենք նման ծրագրեր չունենք», – նշել է Փսակին:

Նա նաեւ հաստատել է, որ ԱՄՆ-ի նախագահ Ջո Բայդենը հույս ունի հեռախոսազրույց ունենալ իր ֆրանսիացի գործընկեր Էմանուել Մակրոնի հետ: Փսակիի խոսքով՝ զրույցի անցկացման ժամանակը համաձայնեցվում է, այն, ինչպես սպասվում է, տեղի կունենա «առաջիկա օրերին»: