գլխավոր Հասարակություն Իրենց համար Արցախ չկա, ուր մնաց՝ Արցախից հյուրեր հրավիրեն. Արցախի ԱԺ-ն և...

Իրենց համար Արցախ չկա, ուր մնաց՝ Արցախից հյուրեր հրավիրեն. Արցախի ԱԺ-ն և Կառավարությունը Հայաստանի անկախության օրվա առթիվ հրավեր չի ստացել. Մետաքսե Հակոբյան

Արցախի Ազգային ժողովը, իմ տեղեկություններով նաև՝ Կառավարությունը, Հայաստանի անկախության օրվա առթիվ միջոցառումներին մասնակցելու հրավեր չի ստացել: «Փաստինֆո»-ին այս մասին հայտնեց Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանը:

Ըստ նրա՝ Հայաստանի իշխանություններն այս կերպ ցույց են տալիս իրենց համաձայնությունը Թուրքիային և Ադրբեջանին, որ այլևս Արցախի հարց իրենց համար գոյություն չունի.

«Իրենց համար Արցախ չկա, ուր մնաց՝ Արցախից հյուրեր հրավիրեն: Չնայած՝ վստահ եմ, որ մեզանից որևէ մեկը չէր էլ պատրասվում «գունագեղ» միջոցառմանը մասնակցել:

Իրենք ամեն կերպ Ալիևին և Էրդողանին պետք է ցույց տային, որ չեն շեղվում իրենց պայմանավորվածություններից, որ այլևս չկա Արցախ, չկա Լեռնային Ղարաբաղի հանրապետություն: Իրենք ցույց են տալիս, որ հավատարիմ են իրենց պայմանավորվածություններին, խոստումներին: Դրա վառ ապացույցն էր Ալիևի հայտարարությունը, թե սցենար ունեն Հայաստանի իշխանությունների հետ, որն ըստ ժամանակացույցի կատարում են, նաև Էրդողանի երեկվա հայտարարությունը, որ Նիկոլ Փաշինյանը, Վրաստանի վարչապետի միջոցով, իրեն հանդիպման առաջարկ է արել: Ամեն կերպ իրենց օրակարգը պահում են և այդ օրակարգում Արցախ չի կարող լինել, քանի որ, ըստ իրենց Արցախի հարցը, փակել են, հիմա էլ Հայաստանի հարցերն են լուծում: Այս օրակարգն ընդհանուր է իրենց համար»,-ասաց Արցախի ԱԺ պատգամավորը:

Զրուցակցի խոսքով՝ «գունագեղ և մասշտաբային» միջոցառում անցկացնելու որոշմամբ՝ Նիկոլ Փաշինյանն ընդամենը ցանկացել է շեղել հասարակության ուշադրությունը կարևոր խնդիրներից և փոխել քննարկումների օրակարգը.

«Ըստ իս ՝ Նիկոլ Փաշինյանը շատ խելացի է և խորամանկ, նա կարողացավ երկար ժամանակ հասարակությանը, ընդդիմությանը շեղել բուն օրակարգից, բոլորը քննարկում են միայն գունագեղ տոնախմբությունը: Ես չեմ զարմացել նրա այդ հայտարարությունից, որովհետև հայրենիքն ատող մարդուց այլ բան սպասել պետք: Ինձ զարմացնում է այն, որ մեր հասարակությունը դրանից է ավելի շատ բարկացած, այն պարագայում, երբ մեր հայրենիքում ադրբեջանական անցակետ է դրված:Երկու օր առաջ, երբ Արցախի պատանի ֆուտբոլիստներն անցնում էին Գորիս-Կապան ճանապարհով, ադրբեջանցիներն իրենց այլանդակ ձևով պահեցին, ջնջեցին Արցախի դրոշը փորձեցին մեր երեխաներին ստորացնել, փառք Աստծո, մեր երեխաները ձիգ էին և պինդ, չվախեցան, այս միջադեպը Ալեն Սիմոնյանը որակեց ուշադրության ոչ արժանի միջադեպ, բազմաթիվ դեպքեր տեղի ունեցան, բայց մենք բոլորս զբաղված էինք գունագեղ խրախճանք քարկոծելով: Նիկոլ Փաշինյանը կարողացավ շեղել օրակարգը և իր համար կարևոր հարցեր լուծել, իսկ այդ ընթացքում ինքն ընդամենը Սևանի ափին հանգստանում էր հեծանիվ էր վարում՝ բոլորին խառնած իրար »,-ասաց Մետաքսե Հակոբյանը:

Նա նաև ընդգծեց, որ հանրությունը պետք է ամեն կերպ թույլ չտա, որպեսզի վաղվա միջոցառումը տեղի ունենա.

«Դրա վառ օրինակը կարող էր լինել, երբ դեկտեմբերին Աննա Հակոբյանն Արցախում փորձում էր մեծ միջոցառում անել Նոր տարվա, բայց մեր հասարակությունը և ընդդիմադիր գործիչները մեկ մարդու պես հավաքվեցին և մի քանի րոպե ժամանակ տվեցին, որպեսզի ապամոնտաժեն զարդարանքները և իրենք արագ արեցին դա: Մեր հասարակությունն այսօր այդ ճանապարհով պետք է գնար, այլ ոչ թե կանգներ և կոչեր աներ, կամ փաշինյանական մեթոդով փողոցային շարժում սկսել, փողոցով հարց լուծելը դա Փաշինայնի մեթոդն է:Պետք էր գնալ և խափանել այդ միջոցառումը, նախ՝ ապամոնտաժել բեմը և այդ օրը թույլ չտալ, որպեսզի միջոցառումը կայանա»,-ասաց Մետաքսե Հակոբյանը: