գլխավոր Միջազգային Պետդումայի ընտրություններում ամենադրական կողմերից էր էլեկտրոնային քվեարկությունը. Սանդիկով

Պետդումայի ընտրություններում ամենադրական կողմերից էր էլեկտրոնային քվեարկությունը. Սանդիկով

ՌԴ Պետդումայի ընտրությունները տևեցին երեք օր, և ամենադրական կողմերից մեկն առկա համավարակի պայմաններում էլեկտրոնային քվերակության կազմակերպումն էր, ինչը Ռուսաստանի պես մեծ երկրի և հատկապես Մոսկվայի պես մեծ քաղաքի համար ապահովում է քվեարկողների պատշաճ հոսք` բացառելով վարակի տարածման մեծ ռիսկը, Sputnik Արմենիայի հետ զրույցում նման տեսակետ հայտնեց ՀՀ ԱԺ պատգամավոր Ալեքսեյ Սանդիկովը։

«Անցյալ տարի համավարակը մեզ սովորեցրեց ապրել թվային, էլեկտրոնային աշխարհում, և բնական է, որ դա չէր կարող չարտացոլվել ընտրությունների կազմակերպման գործընթացի վրա։ Այս անգամ մասնակիցների տպավորիչ տոկոսը կազմել են նրանք, ովքեր նախապատվությունը տվել են հենց էլեկտրոնային քվեարկության տարբերակին և իրենց ձայնն այս կամ այն քաղաքական ուժի օգտին արտահայտել են այդ մեխանիզմով»,– նշեց ՀՀ ԱԺ պատգամավորը։

Ըստ նրա` էլեկտրոնային քվեարկությունը նախընտրելի է նաև նրանց համար, ովքեր տարբեր հանգամանքների բերումով չեն գտնվում իրենց բնակության վայրում։

«Սա նաև նախընտրելի տարբերակ է նրանց համար, ովքեր կոնկրետ Մոսկվայում ընտրատեղամասեր հասնելու համար բախվում են տեղաշարժի հետ կապված որոշակի տեխնիկական խոչընդոտների` կորցնելով ժամանակ, հետևաբար էլեկտրոնային քվեարկությունն ապահովում է որոշակի ճկունություն։ Եթե տասը տարի առաջ մարդիկ թերահավատորեն էին մոտենում ընտրությունների կազմակերպման էլեկտրոնային տարբերակին, ապա այսօր էլեկտրոնային շփման աճի տեմպերը թուլ են տալիս եզրակացնել, որ հաջորդ ընտրություններում էլեկտրոնային քվեարկության ցուցանիշները կլինեն ավելի բարձր»,– նշեց ՀՀ ԱԺ պատգամավորը։

Որպես նախկինում ՏՏ ոլորտի աշխատող` Սանդիկովն ընդգծեց, որ մեր օրերում արդեն կիրառվում են տեխնոլոգիաներ, որոնց միջոցով գրեթե բացառվում է գաղտնի քվեարկության կանոնի խախտումը, այսինքն` քվեները նույնքան գաղտնի են, որքան ավանդական քվեարկության պարագայում։

Սանդիկովի տեղեկացմամբ` Հայաստանը Պետդումայի ընտրությունների ժամանակ դիտորդական առաքելություն էր իրականացում երեք ձևաչափով` ՀԱՊԿ միջխորհրդարանական վեհաժողովի, ԱՊՀ երկրների միջխորհրդարանական վեհաժողովի և Ռուսաստանի Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով կազմված պատվիրակությունների տեսքով։

ՌԴ ԿԸՀ տվյալներով`ընտրատարածքային հանձնաժողովների արձանագրությունների 99,84 տոկոսի ամփոփումից հետո «Եդինայա Ռոսիա» կուսակցությունը ստացել է 49,83 տոկոս։ Երկրորդը Կոմունիստական կուսակցությունն է` 18,94, երրորդը՝ Ժիրինովսկու Լիբերալ-դեմոկրատական կուսակցությունը՝ 7,52 տոկոս։ «Սպրավեդլիվայա Ռոսիան՝ ճշմարտության համար» կուսակցությունը ստացել է 7,47, «Նոր մարդիկ» կուսակցությունը՝ 5,33 տոկոս։ Այս հինգ կուսակցություններն էլ կանցնեն նոր Դումա։