գլխավոր Facebook Որոտան գետի մոտ փորձել են մի փոքր հանգստանալ, բայց շեղվել են ճանապարհից․...

Որոտան գետի մոտ փորձել են մի փոքր հանգստանալ, բայց շեղվել են ճանապարհից․ մանրամասներ ադրբեջանական կողմում հայտնված երիտասարդներից

Լրագրող Արև Աբելյանը ֆեյսբուքյան գրառում է կատարել՝ անդրադառնալով երկու օր առաջ Գորիս-Որոտան ճանապարհահատվածից շեղված և ադրբեջանական կողմում հայտնված երիտասարդներին։

Լրագրողը հանդիպել է տղաներին և կարճատև զրույց ունեցել։ «Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու անհետացած բնակիչները այս պահին Գորիսի ոստիկանությունում են։ Տղաները լավ են, անգամ կատակում են։

Զգացածի մասին լռում են, թե ինչպես են իրենց վերաբերել հարցին, կատակով Բաքվում թեյ խմելու մասին են պատմում։ Տեսախցիկի առջև նրանք չցանկացան խոսել։ Արցախյան պատերազմին մասնակցած տղաները որոշել էին այցելել ընկերներին։ Նրանց Գորիսում հանդիպելուց հետո, Որոտան գետի մոտ փորձել էին մի փոքր հանգստանալ։

Շեղվել են ճանապարհից, չեն իմացել որ թշնամու վերասկողության տակ գտնվող տարածքում են։ Կանգնեցրել են մեքենան, իջել հանգստանալու։ Իրենց խոսքով հանգիստը Բաքվում են շարունակել։

Հարազատները լուրն իմանալուց հետո անմիջապես Գորիս են եկել։ Հրաշք համարելով անվնաս վերադարձը՝ որոշում էին անձնագրում տղաների ծննդյան օրվա փոփոխություն անել»,- ֆեյսբուքյան էջում հայտնել է լրագրողը։

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին՝ ժամը 21:00-ի սահմաններում, ՀՀ Կոտայքի մարզի Քասախ համայնքի երկու բնակիչներ Գորիս-Որոտան ճանապարհահատվածով երթևեկելիս շեղվել էին մայրուղուց և հայտնվել Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքում: Նույն օրը կեսգիշերին ԱԱԾ-ն հաղորդագրություն տարածեց այն մասին, որ ՀՀ ԱԱԾ և ՌԴ ԱԴԾ սահմանապահների կողմից իրականացված աշխատանքների արդյունքում ադրբեջանական կողմը վերադարձրել է վերոհիշյալ անձանց։