գլխավոր Իրադարձային Չեմ կարող լուծել ճգնաժամը. «Ալաշկերտի» գլխավոր մարզիչը որոշել է հեռանալ

Չեմ կարող լուծել ճգնաժամը. «Ալաշկերտի» գլխավոր մարզիչը որոշել է հեռանալ

«Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբի գլխավոր մարզիչ Ալեքսանդր Գրիգորյանը հայտարարել է, որ որոշել է հրաժարական տալ: Գրիգորյանն իր որոշման մասին հայտնել է Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի մամուլի ծառայությանը տված հարցազրույցում, որը կայացել է «Նորավանք»–«Ալաշկերտ» խաղից հետո։

Գրիգորյանը նշել է, որ «Ալաշկերտն» շատ դրական էմոցիաներ է տվել իրեն։

«Մենք միասին լավ ճանապարհ անցանք եվրագավաթներում։ Համենայնդեպս չեմ ամաչում իմ կատարած աշխատանքի համար։Ինչ վերաբերում է ընթացիկ առաջնությանը, ես հասկանում եմ, որ ճգնաժամը, որի մեջ թիմը գտնվում է, ես` որպես գլխավոր մարզիչ, չեմ կարող լուծել։ Դրա համար էլ դեռ նախորդ փուլում էի ուզում հրաժարական տալ, բայց ակումբի նախագահը չընդունեց», – ասաց Գրիգորյանը։

Բայց նա այդուհանդերձ հեռանալու որոշում է կայացրել։ Մարզչի համար շատ կարևոր է եղել այսօրվա խաղը, նա տեսել է, որ ոչինչ չի փոխվել, ուստի ցանկանում է հեռանալ “քիչ թե շատ դրական տրամադրվածությամբ”:

«5 տուրից հետո թիմը բարդ իրավիճակում է, և այն պետք է շտկել։ Եվ ես հասկանում եմ, որ դա պետք է այլ մարզիչ անի։ Ուստի մեկ անգամ ևս շնորհակալություն եմ հայտնում «Ալաշկերտ» ֆուտբոլային ակումբին, բոլոր տղաներին և հրաժարական եմ տալիս», – հավելել է Գրիգորյանը։

Նշենք, որ VBET ՀՊԼ 7-րդ տուրի շրջանակում այսօր «Ալաշկերտը» սեփական հարկի տակ ընդունել էր «Նորավանքին»։Այս խաղում գոլեր չգրանցվեցին, և հանդիպումն ավարտվեց ոչ-ոքի հաշվով։Այս խաղից հետո 2 միավորով զբաղեցնում է մրցաշարային աղյուսակի 9-րդ հորիզոնականը, իսկ «Նորավանքը» 5 միավորով 7-րդն է։