գլխավոր Իրադարձային Անտառխախտումների դեպքերի աճ է գրանցվել. նախարարը խոստանում է` անհանդուրժող են լինելու

Անտառխախտումների դեպքերի աճ է գրանցվել. նախարարը խոստանում է` անհանդուրժող են լինելու

 Վերջին շրջանում անտառխախտումների դեպքերի արձանագրման թվի աճ է գրանցվել։ Անտառապետությունների ու անտառտնտեսությունների շուրջ 100 ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասել է ՀՀ շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանը, տեղեկանում ենք նախարարության կայքից։

Պետրոսյանը նշել է, որ անտառխախտումների դեպքերի աճի պատճառներից մեկն էլ այն է, որ նախորդ շրջաններում ոչ բոլոր դեպքերն են արձանագրվել կամ փոխանցվել իրավապահ մարմիններին։

«Այսօր կա դրված հստակ պահանջ՝ անտառխախտման ցանկացած դեպք պետք է արձանագրվի և արժանանա իրավապահ համակարգի և տեսչական մարմինների գնահատականին։ Անտառապետերն ու անտառապահերը պետք է այս պայքարում կանգնեն մեր կողքին։ Անհանդուրժող ենք լինելու անտառը սեփական բիզնեսի վերածողների հանդեպ»,–ասել է Պետրոսյանը։Նրա խոսքով` Հայաստանում անտառը չի կարող ծառայել անհատների նեղ անձնական շահերին։