գլխավոր Միջազգային «Թալիբանը» կանանց հարցերով նախարարությունը փոխարինել է իսլամական կողմնորոշման նախարարությամբ

«Թալիբանը» կանանց հարցերով նախարարությունը փոխարինել է իսլամական կողմնորոշման նախարարությամբ

«Թալիբանը» փոփոխություններ է սահմանել Աֆղանստանում կանանց հարցերով նախարարության կազմում և այն փոխարինել է իսլամական կողմնորոշման նախարարությամբ:

Ինչպես հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ հղում անելով տեղի աղբյուրին, թալիբներն արդեն փոխել են գերատեսչության շենքի պատին փակցված գրությունը:

Կանանց հարցերով նախարարության աշխատակիցներն մեկն ավելի վաղ տեղեկացրել էր, որ թալիբները թույլ չէին տալիս աշխատանքի դուրս գալ գերատեսչության աշխատակցուհիներին և միայն տղամարդկանց էին թույլ տալիս մտնել նախարարություն:  

Թալիբներն իրենց ելույթներում ավելի վաղ նշել էին, որ կանանց իրավունքները պաշտպանվելու են սակայն իսլամի շրջականում, և խոստացել էին համապատասխան կանոններ մշակել կանանց համար, որպեսզի կարողանան աշխատանքային գործունեություն ծավալել:

Բազմաթիվ կանայք օրեր առաջ բողոքի ցույցի էին դուրս եկել Աֆղանստանի մի շարք քաղաքներում՝ կոչ անելով իշխանություններին հարգել կանանց իրավունքներն ու ապահովել իրենց ներկայություննը կառավարությունում, ինչին ի պատասխան թալիբները հայտարարել էին, որ կանանց գործը երեխաներ ծնելն է, ոչ թե երկիրը կառավարելը:

Հիշեցնենք, որ թալիբներն ակտիվ գործողությունների էին անցել երկրից ամերիկյան զորքերի դուրսբերմանը զուգահեռ՝ մի շարք նահանգներ և քաղաքներ գրավելով՝ նաև սահմանամերձ շրջաններում: Օգոստոսի 15-ին թալիբները մտել են մայրաքաղաք Քաբուլ, ինչից ժամեր անց երկրի նախագահ Աշրաֆ Ղանին հեռացել է երկրից: «Թալիբանն» ավելի ուշ հայտնել էր երկրի նոր կառավարության կազմը, որն արդեն անցել է աշխատանքի: