գլխավոր Իրադարձային Վարչապետը հայ-թուրքական հարաբերությունների մասին իմ հարցի պատասխանը չունի. Աղվան Վարդանյան

Վարչապետը հայ-թուրքական հարաբերությունների մասին իմ հարցի պատասխանը չունի. Աղվան Վարդանյան

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման համատեքստում “Հայաստան” դաշինքի պատգամավոր Աղվան Վարդանյանին մտահոգում է այն հարցը, թե այս կառավարությունը կարո՞ղ է երաշխավորել, որ ՀՀ Սահմանադրական դատարանի կողմից 2010 թվականի հունվարի 12-ին հաստատված որոշումից ու դրանում ամրագրված կարմիր գծերից նահանջ չարձանագրվի։

«Երբ այս իշխանության ներկայացուցիչը աշխարհացունց հայտարարություններ է անում, թե մենք բացում ենք խաղաղության դարաշրջան տարածաշրջանի համար, իհարկե աբսուրդ է, հետևաբար իմ հարցը դրված էր հենց այդ կոնտեքստի մեջ։ Այսօր խոսում են Թուրքիայի հետ փոխադարձ դրական ազդակների մասին, էլ չեմ ասում Ադրբեջանի հետ հարաբերությունների մասին, բայց մենք ունենք պատմություն, պետական ինստիտուցիոնալ հիշողություն։ 2009 թվականին ստորագրվել են Ցյուրիխյան արձանագրությունները, որոնց վերաբերյալ մեր Սահմանադրական դատարանը տվել է հստակ պարզաբանումներ»,– ասաց պատգամավորը։

Վարդանյանի խոսքով` դատական բարձրագույն ատյանը սահմանել էր կարմիր գծեր և դա արել էր այն նկատառությամբ, որ արձանագրությունների ստորագրումից անմիջապես հետո Թուրքիայի արտգործնախարարն իրենց մեջլիսում թվարկեց նախապայմաններ, որոնք տեքստում չկային, սակայն իրենց կողմից ակնհայտորեն մեկնաբանվում էին այդպես` առնչվելով Հայոց ցեղասպանության ճանաչման խնդրին և Արցախյան հիմնահարցին։

Պատգամավորի դիտարկմամբ` երբ ԱԺ–ում կառավարության հետ հարց ու պատասխանի ժամանակ գործադիր մարմնից խնդրեցին գրավոր ներկայացնել հարցադրումը, փաստորեն արձանագրվեց, որ վարչապետն այդ հարցի պատասխանը չունի և չի երաշխավորում։

Վարդանյանը հավաստիացրեց, որ գրավոր հարցապնդումն արդեն ուղարկել է կառավարություն։ Նա գիտակցում է, որ գործադիրում գրավոր տարբերակից խուսափելը շատ ավելի հեշտ կլինի, որովհետև կարող են ինչ–որ անորոշ բաներ գրել, բայցևայնպես դա, պատգամավորի համոզմամբ, մեր պետականության առանցքային հարցերից է։

Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության սեպտեմբերի 8–ի նիստում հայտարարեց, որ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հանդես է եկել Հայաստանի հետ հարաբերությունները կարգավորելու հայտարարությամբ` նշելով, որ մենք պատրաստ ենք քննարկել Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման և ցամաքային ու երկաթուղային տրանսպորտի վերականգնման հարցը։