գլխավոր Իրադարձային Պատերազմում զոհված Ալենի մայրը որդու անունով կրթական հաստատություն է ուզում հիմնել

Պատերազմում զոհված Ալենի մայրը որդու անունով կրթական հաստատություն է ուզում հիմնել

44-օրյա պատերազմում զոհված Արցախի հերոս Ալեն Մարգարյանի մայրը որդու անունով կրթական հաստատություն հիմնելու նպատակ ունի։ Տիկին Նազելին ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանի հետ հանդիպման ժամանակ է հայտնել այդ մասին, տեղեկանում ենք նախարարության կայքից։

Նշվում է, որ նախարարն ընդունել է 44-օրյա պատերազմում զոհված ժամկետային զինծառայողներ Ալեն Մարգարյանի և Վահե Եղիկյանի մայրերին՝ Նազելի Տերտերյանին և Կարինե Մուրադյանին:

Տիկին Նազելին պատմել է, որ մեկուկես ամսվա ծառայող տղան արդեն հասցրել էր աչքի ընկնել. նա անգլերեն է պարապել ծառայակիցների հետ, սփյուռքից եկած հայորդիներին օգնել է հայերենը կատարելագործելու հարցում: 5 օտար լեզուների տիրապետող 21-ամյա Ալենը սովորելու հրավեր ուներ Բոստոնի համալսարանից, բայց որդու երազանքները ստորադասվել են հայրենիքին ծառայելու գիտակցական որոշմանը:

Վահեի մայրը՝ տիկին Կարինեն, նույնպես պատմել է որդուց, որ անտեսելով ծնկի լուրջ վնասվածքը՝ վիրակապով կրկին նետվել է առաջնագիծ. դիրքի ավագ էր, պատասխանատու իր 6 զինվորների համար:

Տիկին Կարինեի հիմնած “Հավերժ” կազմակերպությունն արդեն ունի շուրջ 200 անդամ, ովքեր զոհվածների մայրեր, կանայք ու հարազատներ են:Նախարարն էլ հորդորել է ծնողներին ուժ գտնել տղաների գործը շարունակելու և նրանց դավանած արժեքները տարածելու համար՝ պատրաստակամություն հայտնելով աջակցել բոլոր հնարավոր ուղղություններով: