գլխավոր Իրադարձային Արարատ Միրզոյանը ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է գերիների վերադարձի հարցը

Արարատ Միրզոյանը ֆրանսիացի գործընկերոջ հետ քննարկել է գերիների վերադարձի հարցը

Հայաստանի ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը և Ֆրանսիայի ԱԳ նախարար Ժան-Իվ Լը Դրիանը քննարկել են Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական պատանդների շուտափույթ հայրենադարձման հարցը։ Տեղեկությունը հայտնում է ՀՀ արտգործնախարարությունը` հավելելով, որ տեղի է ունեցել հեռախոսազրույց։

«ԱԳ նախարարներն անդրադարձ են կատարել Լեռնային Ղարաբաղի հակամարտությանը՝ կարևորելով ԵԱՀԿ Մինսկի Խմբի համանախագահության շրջանակներում խաղաղ կարգավորման գործընթացի վերսկսման անհրաժեշտությունը։ Միրզոյանը նշել է, որ Հայաստանն ու հայ ժողովուրդը բարձր են գնահատում Ֆրանսիայի կառավարության և խորհրդարանի դիրքորոշումն ու քայլերը պատերազմի օրերին և դրան հաջորդած շրջանում»,–նշված է հաղորդագրության մեջ։

Բացի այդ, անդրադարձ է կատարվել Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված ուժերի ներթափանցման հետևանքով ստեղծված իրավիճակին։ Ընդգծվել է իրավիճակի դեէսկալացիային ու կայունությանն ուղղված ջանքերի գործադրման անհրաժեշտությունը։

Զրուցակիցները գոհունակություն են հայտնել հայ-ֆրանսիական հարաբերությունների շարունակական զարգացման կապակցությամբ։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել առաջիկայում առավել հանգամանալից քննարկել տնտեսության բնագավառում փոխգործակցության ակտիվացման հեռանկարները։