գլխավոր Իրադարձային Տղերքի շիրիմները դեռ թարմ են. զոհվածների ծնողները համերգի փորձին զուգահեռ ակցիա են...

Տղերքի շիրիմները դեռ թարմ են. զոհվածների ծնողները համերգի փորձին զուգահեռ ակցիա են անում

Որևէ մեկը չի ասում, որ սեպտեմբերի 21-ը չպետք է նշվի, բայց մեծածավալ միջոցառումներ պետք չեն, որոնց վրա էլ 2 միլիոն դոլարից ավել գումար ծախսվի։ Հանրապետության հրապարակում բողոքի ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում նման կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը։

Նշենք, որ այս պահին զոհված զինծառայողների հարազատները բողոքի ակցիա են անում հրապարակում` պահանջելով Անկախության օրը նախատեսված համերգը չեղարկել։ Միաժամանակ հրապարակում Անկախության օրվա միջոցառման փորձն է ընթանում։

«Տղերքի շիրիմները դեռ թարմ են, ունենք գերիներ և անհետ կորածներ։ Անընդունելի է նման մեծածավալ շոու կազմակերպելը։ Անկախության օրը պետք է նշվի, սակայն ինքնախաբեություն է նման մասշտաբներով միջոցառում կազմակերպելը։ Այս ամենն անելուց առաջ կարելի էր խորհրդակցել նաև զոհվածների կամ էլ գերիների ծնողների հետ։ Եթե ծնողների ընդվզումը չլիներ, քեֆ-ուրախությո՞ւն էր լինելու»,–ասաց Նազարյանը։Նրա խոսքով` իր որդի Աբգարը Հայաստանի անկախության համար է զոհվել, և օրը պետք է նշվի։

Նազարյանը հիշեցրեց, որ պատերազմում որդի կորցրած Դավիթ Ամալյանն էլ Եռաբլուրում ելույթ ունեցավ, բայց այն համերգ չկոչվեց և նման արձագանք չունեցավ։

Պատգամավորի խոսքով` ճիշտ է, մեր մեջքը պետք է ուղղենք, բայց այս տարի պետք է հարգենք ծնողների սուգը։ Նա հավելեց` դեմ է, որ սեպտեմբերի 21-ին երթով Եռաբլուր գնան։ Զոհվածներից մեկի հայրն էլ նշեց` վարչապետ Նիկոլ Փաշինյանը բոլորի կյանքը դարձրել է սև և անգույն, իսկ ինքը «գունագեղ միջոցառում» է անում։

«Թող գնա, Որոտանի մոտ հասնի և գունագեղ միջոցառում անի, եթե կարող է»,–ասաց տղամարդը։