գլխավոր Իրադարձային Ինքնաձիգով հարվածել են հայերի մեքենային. Քոչարյանը` ադրբեջանցիների հետ միջադեպի մասին

Ինքնաձիգով հարվածել են հայերի մեքենային. Քոչարյանը` ադրբեջանցիների հետ միջադեպի մասին

Երեկ երեկոյան Գորիս-Կապան միջպետական ճանապարհի Որոտանի հատվածում ադրբեջանցիները կանգնեցրել են սահմանապահ զորքերին հաց հասցնող մեքենան, ինքնաձիգով հարվածել մեքենային, վարորդից պահանջել, որ մեքենայի դռներն ու պատուհանները բացի։ Տեղեկությունը Sputnik Արմենայի հետ զրույցում հայտնեց Գորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանը։

«Մեքենան կանգնեցրել են, լկտի արտահայտություններ արել ։

«Տուպիկ» է եղել` մեքենան իրենց դիմացը կանգնած։ Տեսել են հայկական համարանիշներով մեքենա է, սկսել են կոպիտ արտահայտություններ անել։ Ասել են` ինչու ես կանգնել, քշի գնա, վարորդն ասել է` ճանապարհ չկա»,- պատմեց փոխհամայնքապետը։

Քոչարյանի խոսքով` վարորդը ադրբեջանցիների սադրանքներին տեղի չի տվել։ Նրանից բացի, մեքենայի մեջ ևս երկու որոտանցի երիտասարդ է եղել։ Երիտասարդներն ահազանգել են իրենց գյուղապետին, Գորիսի փոխհամայնքապետին, վերջիններս տեղեկացրել են Սյունիքի մարզպետարան, պատկան մարմիններին։

«Վարորդն ու երիտասարդները մոտ 15 րոպե այդպես մնացել են։ Հետո ռուս խաղաղապահները նկատել են, որ ադրբեջանցիներն իրենց շատ վատ են պահում, մոտեցել են, նրանց միջնորդությամբ մեքենան շարժվել է»,- ասաց Քոչարյանը։

Այսօր արդեն վարորդը հացը սահմանապահ զորքերին է հասցրել ռուս և հայ սահմանապահների ուղեկցությամբ։

Ավելի վաղ Գորիսի փոխհամայնքապետ Կարեն Քոչարյանը Sputnik Արմենիայի հետ զրույցում հայտնել էր, որ 3 հայ վարորդներից ահազանգ է ստացել, որ Գորիս-Որոտան ճանապարհահատվածում տեղակայված ադրբեջանական ոստիկանական անցակետում ադրբեջանցիները ստուգել են իրենց փաստաթղթերն ու բեռները։

Հիշեցնենք, որ այս տարվա սեպտեմբերի 9-ին Սյունիքի մարզի Որոտան գյուղի հատվածում ադրբեջանցիները ոստիկանական հենակետ են բացել։ Սեպտեմբերի 11-ից նրանք կանգնեցնում են իրանցի բեռնատարներին և ստուգում վարորդների փաստաթղթերը։