գլխավոր Աշխարհ Գիտնականները պարզել են՝ երբ է մարդն առաջին անգամ հագուստ կիրառել

Գիտնականները պարզել են՝ երբ է մարդն առաջին անգամ հագուստ կիրառել

Մարոկկոյի ատլանտյան առափնյա շրջանում գտնվող քարանձավում հնագետներն ավելի քան 60 ոսկրե գործիք են հայտնաբերել, որոնք հնագույն մարդիկ օգտագործել են կաշվից և մորթուց հագուստ պատրաստելու համար: Ինչպես փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն՝ վկայակոչելով iScience ամսագրում հրապարակված տեղեկությունները, գտածոների տարիքը կազմում է 120 հազար տարի:

Այսօրվա դրությամբ՝ սա ամենահին վկայությունն է Homo sapiens-ի ներկայացուցիչների կողմից հագուստի պատրաստման պատմության մասին: Հագուստի կիրառման սկիզբը կարևոր իրադարձություն է մարդկության պատմության մեջ: Նորարությունը ոչ միայն խորհրդանշում է մարդու վերելքը մշակութային և ճանաչողական էվոլյուցիայի հերթական աստիճանով, այլև հնարավորություն է տվել նրան դուրս գալ Աֆրիկայի սահմաններին՝ տեղափոխվելով առավել ցուրտ և ոչ բարենպաստ կլիմա ունեցող շրջաններ:

Հնագետները և մարդաբանները միակարծիք են այն հարցում, որ Homo sapiens-ի ներկայացուցիչները սկսել են հագուստ հագնել ուշ պլիոցենի ժամանակաշրջանում, սակայն մինչ օրս նրանք չէին կարող հստակեցնել՝ կաշվից, մորթուց, թե այլ օրանական նյութերից: Այդ իսկ պատճառով գիտնականները մշտապես փորձում են որևէ ապացույց կամ հետք գտնել, որը կբացահայտներ հնագույն մարդու զարգացրած հագուստի պատրաստման տեխնոլոգիան: