գլխավոր Գլխավոր Սյունիքում ադրբեջանցիները խախտում են Հայաստանի ու Իրանի քաղաքացիների իրավունքները. ՀՀ ՄԻՊ

Սյունիքում ադրբեջանցիները խախտում են Հայաստանի ու Իրանի քաղաքացիների իրավունքները. ՀՀ ՄԻՊ

ՄԻՊ աշխատակազմի փաստահավաք աշխատանքները Սյունիքում հաստատում են, որ Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհի Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում սեպտեմբերի 11-ին ադրբեջանական ոստիկանական հենակետ տեղադրելուց հետո ադրբեջանական զինված ծառայողները շարունակական դիտավորյալ արարքներով խախտում են մարդկանց իրավունքները: Այս մասին Facebook–ի իր էջում գրել է ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը։

Նշվում է, որ հենակետի զինված ծառայողները շարունակում են առանց իրավական հիմքերի կանգնեցնել օրինական հիմունքներով ՀՀ-ում գտնվող և միջպետական ճանապարհի այդ հատվածով երթևեկող իրանական պետհամարանիշներով բեռնատար ավտոմեքենաներ, տարբեր ստուգումներ իրականացնել:Վարորդներից անօրինական գանձում են գումարներ, ներկայացնում են անօրինական այլ պահանջներ:

Մասնավորապես, պահանջում են դիզվառելիք, հայտարարված, իբր, պետական մուծումներից զատ գանձում են կանգնելու համար վճար, կան ահազանգեր ՀՀ դրամով տարբեր չափի գումարներ գանձելու մասին:Նույն կերպ խաթարվել է երթևեկությունը Կապան-Տաթև ճանապարհով: Ճանապարհը լրջորեն ծանրաբեռնվել է նման բեռնատարների ու ծավալի երթևեկության համար նախատեսված չլինելու պատճառով: Առկա են վթարների դեպքեր: Խոսքը ինչպես ՀՀ քաղաքացիական բնակչության, այնպես էլ ՀՀ տարածքում օրինական հիմքով գտնվող Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացիների իրավունքների մասին է:

Որոտանի հատվածում հերթերի, խցանումների պատճառով երթևեկությունը դարձել է միակողմանի: Լրջորեն բարդացել է ՀՀ քաղաքացիական բնակչության հաղորդակցությունը, այդ թվում՝ հասանելիությունը հրատապ բժշկական ծառայություններին: Նշվածից զատ, խախտվում է նաև Իրանի քաղաքացիների` գործարարությամբ զբաղվելու և աշխատանքային իրավունքները: Մարդիկ կրում են էական նյութական վնասներ:Բացի այդ, ճանապարհի Որոտանի հատվածում տեղադրված տեսախցիկների միջոցով ադրբեջանական իշխանությունները շարունակում են ՀՀ քաղաքացիական բնակիչների անձնական տվյալներ բացահայտ հավաքելը՝ առանց իրավական հիմքերի:Հենակետի զինված ծառայողները, որոնք գերթե բոլոր դեպքերում դիմակավորված են, դեմքերն ամբողջությամբ փակված է, մշտապես ծառայություն են իրականացնում ինքնաձիգներով ու այլ զինատեսակներով, ինչպես հաստատում են ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմի ուսումնասիրությունները:

“Սա բացարձակ անթույլատրելի, բացահայտ ահաբեկող նշանակության հանդերձանք է ու պահվածք՝ հաշվի առնելով, որ խոսքը գնում է ՀՀ համայնքներ իրար միավորող միջպետական նշանակության ճանապարհի մասին ու որ այդ ճանապարհող երթևեկում են գլխավորապես քաղաքացիական անձինք”, – գրում է ՄԻՊ-ը։

Նշվում է, որ ադրբեջանական ոստիկանական հենակետը, արգելապատնեշներն ու տեսախցիկները, զինված ծառայողների տեղակայումը բացահայտ անիրավաչափ են: Այս հարցում պետք է ղեկավարվել մարդու իրավունքների գերակայության սկզբունքով՝ հատկապես հաշվի առնելով, որ երկու պետությունների միջև տեղի չի ունեցել պետական սահմանի դելիմիտացիա և դեմարկացիա:Մարդու իրավունքների պաշտպանը ստեղծված վիճակի մասին կտեղեկացնի մջազգային կառույցներին (ՄԱԿ, ԵԱՀԿ, ԵԽ և այլն):