գլխավոր Շոուբիզնես «Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմի մեծ պրեմիերան և հայտնի հյուրերը․ լուսանկարներ

«Մեծ պատմություն փոքր քաղաքում» ֆիլմի մեծ պրեմիերան և հայտնի հյուրերը․ լուսանկարներ

Սեպտեմբերի 15-ին, «Մոսկվա» կինոթատրոնում կայացավ «Մեծ պատմություն փոքր քաղաքում ֆիլմի» սպասված պրեմիերան։ Օրն ու վայրը պատահական չէին ընտրված, քանի որ 15 տարի առաջ հենց այդ օրն ու այդ վայրում կայացավ ֆիլմի առաջին պրեմիերան։

«Երբ 15 տարի առաջ մենք ֆիլմը նկարահանեցինք, այն արեցինք DVD ֆորմատի համար։ Տարիների ընթացքում ես շատ էի ափսոսում, որ չկա այն տարբերկաը, որը կարելի է էկրաններին ցույց տալ։ Քանի որ նախորդ տարի պանդեմիայի ընթացքում ազատ ժամանակ շատ ունեինք, ես որոշեցի վերադառնալ ֆիլմի արտադրությանը։ Մենք 5-6 ամիս աշխատել ենք ֆիլմի վրա, այն նորից հավաքել։ Գնացել ենք արխիվ, գտել ենք մեր 96 հատ դիջիթլ կասետները, եղած նյութը մոնտաժել ենք, գույներն ու ձայնը մշակել և հիմա անհամբերությամբ սպասում ենք ձեր արձագանքներին»,- նշում է Գոռ Կիրակոսյանը։

Հիշելով ֆիլմի նկարահանումներն ու անցած ճանապարհը՝ ռեժիսորը նշեց, որ այն առանձնահատուկ բարդ է եղել հենց «հանգուցյալի»՝ Հրանտ Թոխատյանի համար․ «Ես ցանկություն ունեի ֆիլմում Հրանտ Թոխատյանին այլ դեր առաջարկել, բայց նա ասաց, որ ուզում է ֆիլմի ձայնը լինել, ես էլ ասացի, որ այդ դեպքում դագաղի մեջ պառկողն էլ դուք պետք է լինեք, նա համաձայնվեց։ Ես միայն հետո հասկացա, թե նա ինչու էր ուզում այդ դերով ներկայանալ, այդ ժամանակ Հրանտը նկարահանվում էր նաև «Մեր բակը» ֆիլմում և ուներ մեծ զբաղվածություն, մտածել է՝ երևի կգա, կպառկի, արագ ամեն ինչ կանի ու կվերջացնի, բայց նա հաշվի չէր առել, որ պետք է պառկի ամբողջ ֆիլմի ընթացքում։ Նրա համար նկարահանումները իրոք բարդ են եղել, քանի որ բոլոր դուբլերի մեջ նրա շունչը պահած էր, բացի այդ նկարահանումները անցկացվել են օգոստոս ամսին, իսկ նա անշարժ պառկած է եղել կոստյումով, վերնաշապիկով և փողկապով, ամեն վայրկյան քրտնում էր, գալիս մաքրում էին, մի խոսքով՝ նրա համար շատ բարդ է եղել, անգամ չէինք թողնում դագաղից դուրս գալ, քանի որ վախենում էինք, որ կոշիկները կկեղտոտի»։

Խոսելով արձագանքների և իր սպասելիքների մասին՝ ռեժիսորը պատմեց․ «Ես հիմա ինչ-որ սպասելիքներ չունեմ, քանի որ գիտեմ՝ ֆիլմն արդեն վաղուց գտել է իր դրական արձագանքները, թե՛ ինձ, թե՛ շատերի համար ֆիլմը հայկական ֆիլմադարանում իր տեղն արդեն ունի։ Ֆիլմը մինչ այժմ էլ չի կորցրել իր ակտուալությունը, ինձ մինչև հիմա էլ մոտենում, ասում են՝ գիտեք՝ մեր ընտանիքում էլ  է այսպիսի դեպք պատահել»։

Ֆիլմը հիմնված է իրական պատմության վրա, բնականաբար թիմը դրան որոշակի գեղարվեստական տարրեր է ավելացրել, բայց հիմքում իրական դեպք է ընկած։

Իսկ ֆիլմն արդյոք շարունակություն կունենա՞, թե՞ ոչ, ռեժիսորը նշում է․ «Ես միշտ իմ ֆիլմերին այնպիսի վերջաբան եմ տալիս, որ մարդկանց հաճախ թվում է, թե դրանք անպայման շարունակություն են ունենալու։ Բայց ես ինքս երբեք չեմ մտածում այդ ուղղությամբ։ Օրինակ՝ վերջերս, երբ նկարահանեցինք «Ազնիվ գողերը», բոլորը դրանից հետո ասում էին՝ հաստատ երկրորդ մաս էլ է լինելու։ Բայց իրականում այդպիսի բան իմ մտքով չի էլ անցել։ Ես ընդհանրապես չէի էլ մտածում, որ թաղման մասին նոր ֆիլմ կնկարեմ, բայց իմ նոր «Սևազգեստ կանայք» ֆիլմը կրկին թաղման թեմատիկայով է, և ես համարում եմ այն երկրորդ «Մեծ պատմություն փոքր քաղաքում»։ Բայց իրկանում այն լրիվ ուրիշ պատմություն է՝ ամբողջովին այլ կերպարներով։