գլխավոր COVID-19 Բազմաթիվ երկրներ նույն միջոցառումներն են կիրառում. Ավանեսյանը` պատվաստման պահանջի մասին

Բազմաթիվ երկրներ նույն միջոցառումներն են կիրառում. Ավանեսյանը` պատվաստման պահանջի մասին

Պատվաստվելու կամ ՊՇՌ թեստ հանձնելու պահանջի վերաբերյալ որոշումն ունի իրավական բոլոր հիմքերը։ Այսօր ԱԺ–ում կառավարության անդամների հետ հարցուպատասխանի ժամին ասաց ՀՀ Առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը` պատասխանելով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանի հարցին, թե արդյո՞ք այս կերպ չեն խախտվում ՀՀ աշխատող քաղաքացիների իրավունքները։

«Մենք աշխատանքից ազատման զանգվածային որևէ դեպք չենք նկատում որևէ երկրում։ Սա բացառիկ միջոցառում չէ, որ մենք ենք կիրառում։ Այսօր բազմաթիվ երկրներ նույն միջոցառումներն են կիրառում։ Եվ ես վստահ եմ, որ ինչպես մյուս երկրներում, այնպես էլ Հայաստանում նորմալ գործընթաց է անցնելու»,– ասաց Ավանեսյանը։

Նախարարն անդրադարձավ նաև այդ պահանջի հետևանքով ՀՀ քաղաքացիների հավելյալ ծախսերի խնդրին` հայտարարելով, որ ՀՀ քաղաքացիները ստիպված չեն լինի որևէ ծախս անել, քանի որ պատվաստման համար վճարում է պետությունը։ Ավանեսյանի խոսքով` այսօր աշխարհում արդեն ավելի քան 5 միլիարդ պատվաստում է իրականացվել։