գլխավոր Իրադարձային Արշակյանը Շվիդկոյին է ներկայացրել 44–օրյա պատերազմի` մինչ օրս չհաղթահարված հետևանքները

Արշակյանը Շվիդկոյին է ներկայացրել 44–օրյա պատերազմի` մինչ օրս չհաղթահարված հետևանքները

Ադրբեջանը հրաժարվում է կատարել նոյեմբերի 9-ի եռակողմ հաայտարարության դրույթները և ազատ չի արձակում հայ ռազմագերիներին ու պահվող այլ անձանց: Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ, ՌԴ մշակույթի նախկին նախարար Միխայիլ Շվիդկոյի հետ զրույցում ասել է ՀՀ ԱԺ փոխոսնակ Հակոբ Արշակյանը։ Այս մասին տեղեկանում ենք ԱԺ պաշտոնական կայքից։

Արշակյանն անդրադարձել է Ադրբեջանի սանձազերծած 44-օրյա պատերազմի` մինչ օրս չհաղթահարված հետևանքներին։

“ԱԺ նախագահի տեղակալը երախտագիտություն հայտնեց Ռուսաստանի Դաշնությանը վերոնշյալ խնդիրների լուծման հարցում մեր երկրին շարունակաբար աջակցելու համար”,–նշված է հաղորդագրության մեջ։

Արշակյանը նշել է, որ 2022 թ. լրանում է Ռուսաստանի և Հայաստանի միջև դիվանագիտական հարաբերությունների հաստատման 30-ամյակը, ինչպես նաև Բարեկամության, համագործակցության և փոխադարձ օգնության մասին պայմանագրի 25-ամյակը:

Միխայիլ Շվիդկոյն իր հերթին ընդգծել է հայ-ռուսական երկկողմ համագործակցության առանձնահատուկ բնույթը՝ նշելով, որ իրենք հետևում են տարածաշրջանում տեղի ունեցող գործընթացներին։ Նա իր մտահոգությունն է հայտնել պատերազմի հետևանքով առաջացած հումանիտար և մշակութային մարտահրավերների առնչությամբ:

Շվիդկոյը նշել է, որ Ռուսաստանի հայ համայնքը զգալի դերակատարում և ներդրում ունի երկրի հասարակական-քաղաքական, ինչպես նաև մշակութային կյանքում: