գլխավոր Իրադարձային Իշխանությունը փորձում է չեզոքացնել Չարչյանին. իսկ ի՞նչ կապ ունի Վիտալի Բալասանյանը

Իշխանությունը փորձում է չեզոքացնել Չարչյանին. իսկ ի՞նչ կապ ունի Վիտալի Բալասանյանը

Իշխանությունն ամեն կերպ ցանկանում է ԱԺ “Հայաստան” խմբակցությունը “լուծարել”: Նպատակ է դրված, որ խմբակցության այն պատգամավորները, որոնք այս պահին կալանքի տակ են գտնվում, հրաժարվեն իրենց պատգամավորական մանդատներից ու դուրս գան քաղաքականությունից:

Այս մասին հայտնի է դարձել “Ժողովուրդ” օրաթերթին։”Ժողովուրդի” տեղեկություններով` այժմ իշխությունը լծված է բժիշկ Արմեն Չարչյանին “չեզոքացնելու” ու նրան քաղաքականությունից հեռացնելու գործին: Նշենք, որ թեև նրա առողջական վիճակը ծայրահեղ վատ է, բայց նա պահվում է կալանքի տակ:

“Իշխանության մեր աղբյուրները փոխանցում են, որ օրերս անգամ բանագնաց են ուղարկել հիվանդանոց՝ Չարչյանի մոտ, որ նրան համոզեն դուրս գալ քաղաքականությունից: Մեր աղբյուրները փոխանցում են, և դա տարօրինակ է, որ բանագնացը եղել է Արցախի անվտանգության խորհրդի քարտուղար Վիտալի Բալասանյանը”,–գրում է թերթը:Վերջինս Չարչյանին հորդորել է հրաժարվել պատգամավորական մանդատից ու զբաղվել բժշկությամբ, որի դիմաց իշխանությունը կմոռանա իր դեմ հարուցված քրեական գործը: Չարչյանը, սակայն, կտրականապես մերժել է:”Մենք երեք օր շարունակ փորձում ենք այս հարցի շուրջ զրուցել Վիտալի Բալասանյանի հետ, սակայն վերջինս մեր հեռախոսազանգերին չի պատասխանում”,–գրում է “Ժողովուրդը”:Թերթը փորձել է այս հարցի հետ կապված զրուցել նաև Արմեն Չարչյանի փաստաբան Էրիկ Ալեքսանյանի հետ՝ պարզելու համար՝ արդյոք Բալասանյանն այցելել է Չարչյանին:

“Ես նման տեղեկություններ չունեմ։ Պարոն Չարչյանի հետ ամեն օր եմ հանդիպում, բայց ինքն ինձ նման տեղեկություն չի փոխանցել: Ասեմ ավելին՝ պարոն Չարչյանին իմանալով՝ նա ինչ-որ բանի դիմաց ինչ-որ գործողությունների չէր գնա, բայց ես այլ տեղեկություններ չունեմ”,- ասել է փաստաբանը:

Հիշեցնենք` հունիսի 18-ին համացանցում հայտնվեց մի ձայնագրություն, որում լսվում էր, թե ինչպես է Չարչյանը աշխատակիցներին հորդորում ԱԺ ընտրությանը մասնակցել` ակնարկելով չքվեարկել գործող իշխանությունների օգտին։ Նույն օրը Չարչյանը ձերբակալվեց։Հունիսի 21-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովը թույլ տվեց քրեական հետապնդում սկսել Չարչյանի նկատմամբ։ Չարչյանը կալանավորվեց, ապա 15 մլն գրավի դիմաց ազատ արձակվեց։ Օգոստոսի 23-ին Չարչյանը կրկին կալանավորվեց։