գլխավոր Իրադարձային Ստացվում է՝ ՀՀ կառավարությունում էլ են Ալիևին ենթարկվում. Աննա Մկրտչյան

Ստացվում է՝ ՀՀ կառավարությունում էլ են Ալիևին ենթարկվում. Աննա Մկրտչյան

Հայկական գյուղերի անունների ադրբեջանական տարբերակներն ասելը համընկնում է Ալիևի հրամանի հետ, որ իր ներպետական օղակները չօգտագործեն հայկական տեղանունները, այլ կիրառել դրանց ադրբեջանականը։ ԱԺ-ում այս մասին ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը։

«Ստացվում է՝ Հայաստանի կառավարությունում էլ են ենթարկվում Ալիևի հրահանգներին և տպավորություն է, որ ջուր են ուզում լցնել նրա ջրաղացին՝ հայկական պատմությունը ջնջելու և պատմական կեղծարարությունն արդարացնելու համար»,-նշեց պատգամավորը։

Աննա Մկրտչյանը հիշեցրեց իշխանության ներկայացուցիչների արված հայտարարությունները. «Նրանք ասում էին, որ գերիները կարող են մի երկու ամիս էլ մնալ Բաքվի բանտում։ Մեկ ուրիշն էլ հաստատում էր, որ Բաքվի բանտում հայերին շատ ավելի լավ են նայում ու պահում, քան մեզ մոտ։ Ինչպես իրենք կասեին՝ սա լկտի սուտ է, ավելին՝ անմարդկային է և ցինիզմ է»,-ասաց պատգամավորը։

Աննա Մկրտչյանն այնուհետև մեջբերեց ՄԻՊ-ի հայտարարությունից հատվածներ, որոնց համաձայն՝ ադրբեջանցիները հայ գերիներին ծեծելու համար ստեղծել են առանձին խմբեր և ծեծում են մինչև հայի գիտակցության կորուստը։

«Սա՞ է թուրքերի դրական ազդակը։ Այսինքն հային խոշտանգելը դրական ազդա՞կ է»,-նշեց Աննա Մկրտչյանը։