գլխավոր Իրադարձային Այս պահին առաջնային է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ...

Այս պահին առաջնային է Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հարցը. Ալեն Սիմոնյանը՝ Սլովակիայի ԱԳ նախարարին

Սեպտեմբերի 14-ին Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանն ընդունեց Սլովակիայի Հանրապետության արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկի գլխավորած պատվիրակությանը: Այս մասին հայտնում է Աժ-Ն:

Ողջունելով հյուրերին՝ ԱԺ նախագահը նշեց, որ Սլովակիան Եվրոպայում Հայաստանի կարեւոր գործընկերներից  է, եւ Հայաստանը մեծ նշանակություն է տալիս Սլովակիայի հետ բարեկամական հարաբերությունների կայուն զարգացմանը:

Ալեն Սիմոնյանը վերահաստատեց Սլովակիայի հետ բոլոր բնագավառներում համագործակցելու անհրաժեշտությունը: Այս համատեքստում նա առանձնակի շեշտեց Հայաստանում 2020թ.-ին բացված Սլովակիայի դեսպանության գործունեությունը՝ քաղաքական երկխոսության շարունակական ապահովման եւ տարբեր ոլորտներում արդյունավետ համագործակցության ուղղությամբ:

Խորհրդարանի ղեկավարի խոսքով՝ խորհրդարանական դիվանագիտության դերը երկկողմ օրակարգում բավականին ընդգրկուն է, եւ 8-րդ գումարման Ազգային ժողովում շուտով կվերաձեւավորվի Հայաստան-Սլովակիա պատգամավորական բարեկամական խումբը: Ալեն Սիմոնյանը տեղեկացրեց, որ խորհրդարանների միջեւ ակտիվ փոխգործակցությունը պահպանելու եւ խորացնելու նպատակով Սլովակիայի Ազգային խորհրդի նախագահ Բորիս Կոլլարին հրավիրել է պաշտոնական այց կատարել Հայաստանի Հանրապետություն:

Նա բարձր  գնահատեց  Սլովակիայի Ազգային խորհրդի կողմից §Լեռնային Ղարաբաղում շարունակվող հակամարտության վերաբերյալ¦ եւ §Լեռնային Ղարաբաղի վերաբերյալ¦ բանաձեւերի ընդունումը: ԱԺ նախագահն ընդգծեց, որ այս պահին առաջնային է  Ադրբեջանում պահվող հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց անհապաղ հայրենադարձման հարցը, որի շուրջ Հայաստանն ակնկալում է միջազգային հանրության աջակցությունը:

Սլովակիայի Հանրապետության արտաքին եւ եվրոպական գործերի նախարար Իվան Կորչոկը շնորհակալություն հայտնեց ընդունելության համար՝ տեղեկացնելով, որ սա իր առաջին այցն է Հայաստան: Նա վերահաստատեց, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության՝ խաղաղ ճանապարհով լուծումն այլընտրանք չունի:

Անդրադառնալով արտահերթ խորհրդարանական ընտրություններին՝ հյուրը կարեւորեց դրանց արդյունքները՝ համոզմունք հայտնելով, որ վերջիններս վերահաստատում են  Հայաստանի կողմից որդեգրված ժողովրդավարության արժեքները:

Կողմերն անդրադարձան ՀՀ-ԵՄ համապարփակ եւ ընդլայնված գործընկերության համաձայնագրի շրջանակներում նաեւ Հայաստան-Սլովակիա համագործակցության խորացման հեռանկարներին:

Հանդիպման ավարտին կարծիքներ փոխանակվեցին համատեղ օրակարգերի մշակման անհրաժեշտության ուղղությամբ: