գլխավոր Պաշտոնական Կարևոր է ԼՂ հարցի կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում. Սլովակիայի արտգործնախարար

Կարևոր է ԼՂ հարցի կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակում. Սլովակիայի արտգործնախարար

Սլովակիայի արտգործնախարար Իվան Կորչոկը կարևորում է Լեռնային Ղարաբաղի հակամարտության համապարփակ կարգավորումը ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում: Պաշտոնական այցով ՀՀ–ում գտնվող Կորչոկը նման կարծիք է հայտնել վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ, տեղեկանում ենք վարչապետի պաշտոնական կայքից։

«Կորչոկն ընդգծել է, որ Սլովակիան գնահատում է տարածաշրջանում կայունության ու խաղաղության հաստատմանը միտված Հայաստանի ջանքերը։ Սլովակիայի ԱԳ նախարարն անհրաժեշտ է համարել տարածաշրջանում վստահության ամրապնդմանն ուղղված քայլերի իրականացումը և իր երկրի աջակցությունը հայտնել ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ջանքերին»,–նշված է հաղորդագրության մեջ։Կորչոկը կարևորել է տնտեսության, այդ թվում՝ բիզնես կապերի, առևտրատնտեսական հարաբերությունների, ՏՏ ոլորտներում համագործակցության մեծ պոտենցիալի իրացման կարևորությունը։

Փաշինյանն էլ իր հերթին անդրադարձել է Արցախի դեմ նախորդ տարի Ադրբեջանի կողմից սանձազերծված պատերազմի հետևանքով ստեղծված իրավիճակին, վերջինիս կողմից հայ ռազմագերիների վերադարձի պայմանավորվածությունը չկատարելուն, ինչպես նաև Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինուժի ներխուժումներին: Վարչապետը ներկայացրել է կառավարության կողմից ձեռնարկվող քայլերը, միջազգային հանրությունից Հայաստանի ակնկալիքներն ու ընդգծել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահության շրջանակում բանակցային գործընթացի վերականգնման անհրաժեշտությունը:

Փաշինյանն իր գոհունակությունն է հայտնել, որ Սլովակիայի կողմից Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության և կայունության հաստատման ուղղությամբ հետաքրքրություն է ցուցաբերվում։Հիշեցնենք, որ Կորչոկն այսօր արդեն հանդիպել է իր հայ գործընկերոջ` Արարատ Միրզոյանի հետ։ Սլովակիայի արտաքին գործերի նախարարը նշել է` հայ գերիների վերադարձի գործընթացը պետք է շարունակական բնույթ կրի։