գլխավոր Հասարակություն Պատերազմական մեմեր․ «Էրթամ քեզի համար ԱԹՍ բերեմ»-ից մինչև «Հաղթելու ենք»

Պատերազմական մեմեր․ «Էրթամ քեզի համար ԱԹՍ բերեմ»-ից մինչև «Հաղթելու ենք»

Այս օրերին, երբ Արցախն ու Հայաստանը բաբախում են իբրև մեկ սիրտ՝ անգամ պատերազմական իրավիճակում մարդիկ չեն հուսալքվում՝ վստահելով մեր բանակի մարտունակությանն ու բարձր պատրաստվածությանը, ծաղրանկարներ ու զվարճալի համացանցային մեմեր, թեմատիկ հեշթեգեր ու տեսահոլովակներ են ստեղծում:

Ամենատիպական հեշթեգերից մեկը Պաշտպանության նախարարության ներկայացուցիչ Արծրուն Հովհաննիսյանի օգտագործած «զգետնել» բառն է, երբ նա օգտագործեց այն՝ հայտնելով հակառակորդի հերթական ԱԹՍ-ի խոցման մասին, իսկ ընդհանրապես ողջ հայությունը պատերազմի առաջին օրվանից օգտագործում է #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ , #ՀԱՂԹԵԼԵՆՔ հեշթեգերը:

Aravot.am-ն առանձնացրել է դրանցից ամենատիպիկներն ու յուրօրինակները, որոնք էլ ստորև ներկայացնում ենք ձեր ուշադրությանը։

Հայտարարությունների List.am կայքում հայտնվել է ԲՄՊ-3 զրահամեքենայի վաճառքի մասին հումորային հայտարարությունը, համացանցում՝ «Էրթամ քեզի համար» շարքից՝ «Էրթամ քեզի համար ԱԹՍ բերեմ» լուսանկարն ու ռեստորանի ճաշացանկը՝ հակառակորդի՝ խոցված զինտեխնիկայի նկարներով, երթուղային տաքսու լուսանկարը՝ Նախիջեւանից մինչեւ Եվլախ ու Բաքու ուղղություններով:

Քանի որ անընդհատ ընդգծվում է, որ պետք է հետևել պաշտոնական լրատվությանը, տարածվում է «Մինչև Արծրունի մոտ չտեսնեմ, չեմ հավատա», «Շուշանի մոտ էլ նայի նավսյակի» մեմերը: Այդ թեմայով անգամ անկեկդոտ է ծնվել. «Ապարանցուն ասում են, որ երեխա է ունեցել, ասում է՝ մինչև Արծրուն Հովհաննիսյանի էջում չտեսնեմ ու մի հատ էլ Շուշան Ստեփանյանը չասի՝ չեմ հավատա…»:

Սոցցանցերի օգտատերերը տարածում են «Հանգիստ եղեք» շարքը՝ Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի, Արցախի հերոս Կարեն Ջալավյանի, Տոնոյանի և այլոց լուսանկարներով:

Շատ են Արցախի խորհրդանիշներով, նաև հայկական կողմի և Ադրբեջանի ու Թուրքիայի հակադրությունն ընդգծող մեմերը:

Հիշեցնենք, որ մեմ բառը առաջինն օգտագործել է Ռիչարդ Դոքինսզը 1976 թվականին իր «The Selfish Gene» գրքում, իսկ համացանցային մեմ հասկացությունը առաջինն առաջարկել է Մայք Գոդվինը՝ «Wired» ամսագրի 1993 թվականի հունիսի թողարկման մեջ:

Իսկ ինչ վերաբերվում է Հայաստանին ու Արցախին՝ անպայման #ՀԱՂԹԵԼՈՒԵՆՔ: