գլխավոր Պաշտոնական Առաջարկվում է պետբյուջեի հաշվին նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի ընտանիքներին բուժօգնությամբ ապահովել....

Առաջարկվում է պետբյուջեի հաշվին նախագահի, վարչապետի և ԱԺ նախագահի ընտանիքներին բուժօգնությամբ ապահովել. Հետք

Վարչապետի աշխատակազմն առաջարկում է պետական բյուջեի միջոցների հաշվին (կառավարության սահմանած կարգով) ապահովել հանրապետության նախագահի, վարչապետի և Ազգային ժողովի նախագահի ընտանիքի անդամների (ամուսին, զավակ, ծնող)՝ Հայաստանում գործող բժշկական կազմակերպություններում բժշկական օգնությունն ու սպասարկումը։

«Պաշտոնատար անձանց գործունեության ապահովման, սպասարկման և սոցիալական երաշխիքների մասին» օրենքում լրացում անելու համապատասխան նախագիծը հանրային քննարկման է ներկայացվել իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում։

Մեկ այլ փոփոխությամբ՝ վարչապետի աշխատակազմն առաջարկում է անձնական բժիշկով ապահովել Ազգային ժողովի նախագահին։ 

Վերը նշված օրենքի 7․2 և 7․6 հոդվածների համաձայն՝ համապատասխանաբար հանրապետության նախագահի և վարչապետի առողջական վիճակին հետևելու նպատակով առանձնացվում է անձնական բժիշկ։ Հրապարկված օրենքի նախագծի հիմնավորման մեջ ասվում է, թե անհասկանալի տրամաբանությամբ՝ նման երաշխիք նախատեսված չէ բարձրագույն ներկայացուցչական մարմնի, այն է՝ Ազգային ժողովի նախագահի համար, ուստի առաջարկվում է ընդլայնել օրենքի երաշխիքի ծավալը և այն տարածել նաև Ազգային ժողովի նախագահի վրա։ 

«Հիշյալ երաշխիքի ընդլայնումը պայմանավորված է վերոնշյալ պաշտոնատար անձանց ունեցած առանձնահատուկ դերակատարմամբ պետական իշխանության համակարգում, ինչպես նաև նրանով, որ ներկայումս հենց այդ պաշտոնատար անձինք են օրենքի ուժով օգտվում պետական պահպանությունից, իսկ առողջության պահպանումը որոշակիորեն փոխկապակցված է նաև անվտանգության հետ»,- նշված է նախագծի հիմնավորման մեջ:

Վարչապետի աշխատակազմի այս նախաձեռնությունը օրինական ուժ ստանալու համար դեռևս պետք է արժանանա կառավարության հավանությանը, ապա ընդունվի նաև Ազգային ժողովի և ստորագրվի հանրապետության նախագահի կողմից, և ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարկմանը հաջորդող օրվանից։