
ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահները ԼՂ հակամարտության կողմերին կոչ են արել անհապաղ մարդասիրական զինադադար կնքել, որպեսզի հակամարտության գոտուց դուրս բերվեն զոհերի դիերը: Այս մասին ասվում է համանախագահներ Իգոր Պոպովի (ՌԴ), Ստեֆան Վիսկոնտիի (Ֆրանսիա) և Էնդրյու Շոֆերի (ԱՄՆ) համատեղ հայտարարությունում:
«Համանախագահները վճռական կոչ են անում, մարդասիրական նկատառումներից ելնելով, անհապաղ դադարեցնել կրակը, որպեսզի հնարավոր լինի ԵԱՀԿ-ի և ԿԽՄԿ-ի համակարգմամբ ապահովել զոհված զինծառայողների դիերի դուրս բերումը»,-ասված է հայտարարությունում:
Բացի այդ, համանախագահներն ընդգծել են, որ արտաքին կողմերի մասնակցությունը բռնության էսկալացիային ի չիք է դարձնում տարածաշրջանում կայուն խաղաղության հաստատմանն ուղղված ջանքերը: Նրանք հակամարտող կողմերին ևս մեկ անգամ կոչ են արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները և առանց նախապայմանների վերականգնել առարկայական բանակցությունները:
«Համանախագահները վճռականորեն դատապարտում են ԼՂ հակամարտության գոտում շարունակվող բռնությունը, ինչպես նաև Հայաստանի և Ադրբեջանի տարածքներում՝ շփման գծից հեռու գտնվող քաղաքացիական օբյեկտներին ուղղված հարձակումները և մտահոգություն են հայտնում խաղաղ բնակչության շրջանում զոհերի թվի աճի առնչությամբ: Քաղաքացիական անձանց նկատմամբ հարձակումները կամ սպառնալիքներն անընդունելի են ցանկացած պարագայում: Համանախագահները կոչ են անում կողմերին լիարժեք հետևել իրենց միջազգային պարտավորություններին, որոնք վերաբերում են քաղաքացիական բնակչության պաշտպանությանը»,-ասված է հայտարարությունում:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 27-ին Ադրբեջանի զինուժը լայնածավալ հարձակում է սկսել Արցախում՝ թիրախավորելով նաև խաղաղ բնակչությանը։ Երեկվա դրությամբ Արցախի զինուժը խոցել է հակառակորդի 17 ուղղաթիռ, 20 ինքնաթիռ (4-ը Սու–25), 113 անօդաչու թռչող սարք, 250 միավոր զրահատեխնիկա, հիմնականում տանկեր, 82 ավտոտրանսպորտ, 10 զրահափոխադրիչ, մեկ «ՏՕՍ-1Ա» ծանր հրանետային համակարգ, 2 «Սմերչ» և 1 «Ուրագան» տիպի համազարկային կրակի ռեակտիվ կայանքներ: Հակառակորդն ունի ավելի քան 3000 զոհ, հազարավոր վիրավորներ։
Հայկական կողմից, նախնական տվյալներով, կա 158 զոհ և 200-ից ավելի վիրավոր։
Ադրբեջանի զինված ուժերը թիրախավորել է նաև Արցախի և Հայաստանի Հանրապետության զինվորական և քաղաքացիական ենթակառուցվածքները, որի հետևանքով Գեղարքունիքում սպանվել է 2 քաղաքացիական անձ, Արցախում՝ 11 մարդ։ Ադրբեջանական զինուժի հրետակոծության հետևանքով վիրավորվել են ինչպես արտասահմանյան, այնպես էլ տեղական լրատվամիջոցների լրագրողներ։
Հայաստանում և Արցախում սեպտեմբերի 27-ին հայտարարվել է ռազմական դրություն։