գլխավոր Քաղաքականություն «Новая Газета»-ին հայտնի է դարձել Սիրիայից Լեռնային Ղարաբաղ գրոհայիններ հավաքագրելու մեխանիզմն ու...

«Новая Газета»-ին հայտնի է դարձել Սիրիայից Լեռնային Ղարաբաղ գրոհայիններ հավաքագրելու մեխանիզմն ու ուղարկելու երթուղին

«Новая Газета»-ն հոդված է հրապարակել, որում ներկայացրել է Սիրիայից Լեռնային Ղարաբաղ գրոհայիններ հավաքագրելու մեխանիզմն ու ուղարկելու երթուղին։ Ձեզ ենք ներկայացնում հոդվածի կարևոր հատվածների թարգմանությունը․

«Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Բրյուսելում կայացած ԵՄ գագաթնաժողովում ուղղակիորեն մեղադրեց Թուրքիային սիրիացի ջիհադիստներին Արցախ գործուղելու մեջ: «Ես կարող եմ հայտարարել, որ ավելի քան 300 սիրիացի իսլամիստ գրոհայիններ, որոնք ավելի վաղ դուրս էին բերվել Հալեպի շրջանից, թուրքական Գազիանթեփով տեղափոխվել են Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտի», – ասել էր նա, ընդգծելով, որ Թուրքիայի այդ պահվածքը հարիր չէ ՆԱՏՕ-ի անդամ երկրին և շեշտել, որ նման գործողություններն անընդունելի են համարում։

Միևնույն ժամանակ, Մերձավոր Արևելքի սոցիալական ցանցերը մի քանի օր է, ինչ լուրեր են տարածում Թուրքիայի կողմից սիրիացի մարտիկներ ուղարկելու մասին տեղեկատվության վերաբերյալ, իսկ առավել պահպանողական մահմեդականները լիակատար աջակցություն են հայտնում Էրդողանի գործողություններին՝ զուգահեռներ անցկացնելով ընթացիկ հակամարտության և մահմեդականների ու քրիստոնյա խաչակիրների պատմական առճակատման միջև:

«Новая Газета»-ին հաջողվել է պարզել զինյալներին հավաքագրելու մանրամասները:

Թուրքիայի հետ սահմանին գտնվող Սիրիական Իդլիբում մեր աղբյուրը հայտնեց, որ վարձկանների գրանցման մեջ անմիջական մասնակցություն ունի Սեյֆ Աբու Բաքր անունով թուրքմենական ծագմամբ սիրիացին:

Փաստորեն, նա «Համզատ» խմբավորման հավաքագրողն է, որը կռվում է Սիրիայի ազատ բանակում (Սիրաիական ազատ բանակը (ՍԱԲ) սերտորեն համագործակցում է Թուրքիայի հետ): Նոր պատերազմի գնալ ցանկացողները գրանցվում են Աֆրին գյուղի փոքր գրասենյակում (Իդլիբ նահանգ)։

Կամավորական կազմի մեջ կարող է ընդգրկվել ցանկացած սիրիական քաղաքացի ՝ լինի դա ռազմական, թե քաղաքացիական, որը ցանկանում է պայքարել Թուրքիայի անունից ։

Ըստ մեր աղբյուրի, մինչ օրս 700-ից 1000 զինյալ է ուղարկվել Ադրբեջան՝ գազատարները և նավթամուղերը պաշտպանելու համար: Զինյալները հավաքվում են 300 հոգանոց խմբերով, այնուհետև ուղարկվում են Թուրքիայի սահմանամերձ Քիլիս քաղաք: Այնտեղ նրանք, իրենց համազգեստի փոխարեն, որը մեծամասնությունը կրում է,ստանում են քաղաքացիական հագուստ և այնտեղից գնում են Գազիանթեփի օդանավակայան՝ այնուհետև Ստամբուլից Բաքու թռչելու համար: Թռիչքն իրականացվում է Վրաստանի օդային տարածքով։

Մեր աղբյուրը հավելում է, որ Սիրիայի յուրաքանչյուր քաղաքացի, ով ընտրում է վարձկանի ուղին, գտնվում է շատ ծանր սոցիալական վիճակում: Նրանց մեծ մասը բազմիցս տեղահանվել է Սիրիայի տարածքում և ի վիճակի չէ աշխատել և գումար վաստակել՝ ընտանիք պահելու համար: Նրանցից շատերը հողագործներ էին, ովքեր մինչ պատերազմը զենք չէին բռնել երբեք։

Այնուամենայնիվ, սիրիական պատերազմի 9 տարիները զենքի տակ են դրել բոլոր տղամարդկանց և տղաներին, և այսօր նրանց մեծ մասը մարտիկներ են՝ ՍԱԲ-ի հետ կապված տարբեր խմբերում: Մեր աղբյուրը հիշատակում է «Սամարկանդ» եւ «Նուրեդդին Զինկի» ջոկատների մասին:

Շատերի համար Սիրիան լքելու որոշման մեջ նշանակալի գործոն էր վերջերս «Հայաթ Թահրիր ալ-Շամ» (Ռուսաստանում արգելված) ահաբեկչական խմբավորման հետ բախումները: Այդ խմբավորումը փորձել էր մրցակից զինյալ խմբավորումներին վտարել Իդլիբից ՝ Ասադի կողմից միակ չվերահսկվող հատվածից։

Թուրքերը վարձկաններին շատ գրավիչ առաջարկներ են անում: Վարձկանների ամսական աշխատավարձը 1800 դոլար է: Թուրքիայի քաղաքացիությունը երաշխավորված է նաև մարտիկի և նրա ամբողջ ընտանիքի համար: Միևնույն ժամանակ, ընտանիքը (կին և երեխաներ, իսկ չամուսնացածների դեպքում՝ ծնողների, եղբայրների և քույրերի համար) քաղաքացիություն կստանա, նույնիսկ եթե զինվորը սպանվի: Բացի այդ, նրա մահվան դեպքում ընտանիքը կստանա միանվագ վճար՝ 30 000 դոլար»,-գրում է ռուսական «Новая Газета»-ն։