գլխավոր Քաղաքականություն Կոնգրեսականները կոչ են արել դադարեցնել օգնությունն Ադրբեջանին ու պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

Կոնգրեսականները կոչ են արել դադարեցնել օգնությունն Ադրբեջանին ու պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ

Ամերիկայի Միացյալ Նահանգների Կոնգրեսի և Ներկայացուցիչների պալատի անդամները նամակ են հղել Պետքարտուղար Պոմպեոյին` կոչ անելով դատապարտել Արցախի և Հայաստանի նկատմամբ Ադրբեջանի և Թուրքիայի ոտնձգությունները, դադարեցնել Ադրբեջանին ռազմական օգնությունն ու պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի դեմ:

«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին Ամերիկայի Հայ դատի հանձնախմբից: «Ամերիկահայերն ու Կոնգրեսում մեր դաշնակիցները պահանջում են պատժամիջոցներ կիրառել Թուրքիայի նկատմամբ և անհապաղ դադարեցնել ԱՄՆ-ի ռազմական օգնությունն Ադրբեջանին:

Էրդողանն ու Ալիևը՝ երկու բռնապետեր, որոնք պայմանավորվել են ավարտել 1915թ. գործը, պետք է պատասխանատվության ենթարկվեն արդեն հիմա»,-ասել է Ամերիկայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Սենատի և Ներկայացուցիչների պալատի ավելի քան 35 անդամներ արդեն դատապարտել են Թուրքիայի և Ադրբեջանի հակահայկական հարձակումները։