գլխավոր Քաղաքականություն Լրագրողների եվրոպական ասոցիացիան (AEJ) դատապարտում է հարձակումները լրագրողների վրա Լեռնային Ղարաբաղում

Լրագրողների եվրոպական ասոցիացիան (AEJ) դատապարտում է հարձակումները լրագրողների վրա Լեռնային Ղարաբաղում

Լրագրողների եվրոպական ասոցիացիան (AEJ) այսօր՝ հոկտեմբերի 2-ին, հայտարարությամբ է հանդես եկել եւ դատապարտել հոկտեմբերի 1-ին Արցախի Մարտունի քաղաքում ադրբեջանական զինուժի կողմից լրագրողների հրետակոծումը։

«Լրագրողների եվրոպական ասոցիացիան (AEJ) խստորեն դատապարտում է Լեռնային Ղարաբաղում Ադրբեջանի և Հայաստանի միջև զինված հակամարտության ընթացքում հակամարտող ուժերի կողմից լրագրողների և լրատվամիջոցների այլ աշխատակիցների դեմ ուղղված բռնության ցանկացած գործողություն։

Քաղաքացիական հասարակությունը, այդ թվում՝ լրագրողները, պաշտպանության լիարժեք իրավունք ունեն՝ զինված բախումների վերաբերյալ հումանիտար իրավունքի և ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի 1738 բանաձևում սահմանված նորմերի համաձայն։ Զինված հակամարտություններում լրագրողների և լրատվական անձնակազմի թիրախավորումը ռազմական հանցագործություն է։ Մենք հորդորում ենք հակամարտության բոլոր կողմերին խստորեն կատարել իրենց պարտավորությունները և զերծ մնալ միջազգային իրավունքի որևէ խախտումից։

AEJ- ն խորապես անհանգստացած է Ադրբեջանի կողմից ռմբակոծությունների առնչությամբ, որոնց հետևանքով Լեռնային Ղարաբաղում մարտերը լուսաբանող հայ և օտարերկրյա լրագրողներ են վիրավորվել։

Հոկտեմբերի 1-ին «Le Monde» թերթի երկու ֆրանսիացի լրագրողներ վնասվածքներ են ստացել հրետանային կրակի արդյունքում։ Թղթակից Ալլան Կավալին վիրահատել են։ Վիրավորվել են նաև «Արմենիա» հեռուստաընկերության օպերատոր Արամ Գրիգորյանը և 24news.am-ի թղթակից Սևակ Վարդումյանը։ Ռմբակոծության տակ էր հայտնվել նաև ռուսական «Дождь» հեռուստաընկերությունից Դմիտրի Ելովսկին, ով կարողացել էր պատսպարվել։

Պահանջելով անհապաղ դադարեցնել բռնության գործողությունները լրագրողների և լրատվամիջոցների այլ ներկայացուցիչների նկատմամբ՝ հորդորում ենք նաև Ադրբեջանի իշխանություններին ապահով մուտք տրամադրել միջազգային լրատվամիջոցներին։ Հակամարտության վայրերում լրագրողների աշխատանքը խոչընդոտելը թույլ չի տալիս օբյեկտիվ լրատվություն և տեղեկատվություն ներկայացնել տեղական բնակչությանն ու արտաքին աշխարհին։ Բացի այդ, Ադրբեջանը պետք է դադարեցնի համացանցի հասանելիության սահմանափակումը և սոցիալական մեդիայի հարթակների խափանումը։

Կոչ ենք անում հակամարտության մասին հաղորդող բոլոր լրագրողներին հետևել ճշմարտացիության, ճշգրտության և օբյեկտիվության սկզբունքներին և համատարած ապատեղեկատվության և քարոզչության այս ժամանակում ձգտել լրագրողական էթիկայի ամենաբարձր չափանիշների ապահովմանը։

Կոչ ենք անում լրատվական կազմակերպություններին ապահովել իրենց աշխատակիցների անվտանգությունն ու ապահովությունը՝ համապատասխան վարվելակերպի երաշխավորման, դասընթացների և սարքավորումների միջոցով»,- ասված է հայտարարության մեջ։