գլխավոր Քաղաքականություն ԵՄ-ն 500 հազար եվրոյի չափով օգնություն կտրամադրի արցախյան հակամարտությունում տուժած խաղաղ բնակչությանը

ԵՄ-ն 500 հազար եվրոյի չափով օգնություն կտրամադրի արցախյան հակամարտությունում տուժած խաղաղ բնակչությանը

Եվրամիությունը որոշել է շտապ մարդասիրական օգնություն տրամադրել Արցախի հակամարտության շփման գծի երկու կողմերում հակամարտության հետևանքով տուժած խաղաղ բնակչությանը:

Այս մասին Twitter-ում գրել է ճգնաժամային կառավարման ԵՄ հանձնակատար Յանեզ Լենարչիչը:

«Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողությունների հետ կապված` ԵՄ-ն հայտարարում է շտապ մարդասիրական օգնություն հատկացնելու շփման գծի երկու կողմերում հակամարտությունից տուժած բոլոր խաղաղ բնակիչներին», – ասել է նա:

Յանեզ Լենարչիչն ասել է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում ռազմական գործողություններն արդեն խլել են խաղաղ բնակիչների կյանքեր։

«Անհրաժեշտ է պահպանել միջազգային մարդասիրական իրավունքը և ապահովել քաղաքացիական բնակչության և ենթակառուցվածքների կյանքի պաշտպանությունը։ ԵՄ-ն համերաշխ է բռնությունից տուժած բոլոր մարդկանց հետ եւ պատրաստ է հետագա մարդասիրական աջակցություն ցուցաբերել, եթե մարդկային տառապանքները շարունակվեն: Մենք կոչ ենք անում անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները։ “Նախնական ֆինանսավորումը 500 000 եվրոյի չափով կօգնի մեր հումանիտար գործընկերներին, ինչպիսին է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն, մարտական գործողություններից տուժածներին անհապաղ օգնություն ցուցաբերելու հարցում։ ԵՄ-ի ամբողջ մարդասիրական ֆինանսավորումն իրականացվում է մարդասիրության, չեզոքության, անկողմնակալության եւ անկախության մարդասիրական սկզբունքներին համապատասխան եւ ուղարկվում է միջազգային կազմակերպությունների, ՄԱԿ-ի եւ ՀԿ-ների միջոցով»,- իր հայտարարության մեջ նշել է Լենարչիչը: