գլխավոր Պաշտոնական Մենք հրաժարվել ենք հին սպառազինություն գնելուց. ՀՀ պաշտպանության նախարար

Մենք հրաժարվել ենք հին սպառազինություն գնելուց. ՀՀ պաշտպանության նախարար

Պաշտպանության նախարարը նշեց, որ զենքի սեփական արտադրություն հիմնելու համար Հայաստանն ունի Ռուսաստանի աջակցությունը։

Հայաստանը հրաժարվել է հին սպառազինություններ ձեռք բերել։ Դա երկրի քաղաքականությունն է։ «Զինուժ մեդիայի» հետ զրույցում այս մասին ասել է ՀՀ պաշտպանության նախարար Արշակ Կարապետյանը, որը շարունակում է աշխատանքային այցը Ռուսաստան։

Նշենք, որ այսօր նախարարը մասնակցել է մերձմոսկովյան «Ալաբինո» զորավարժարանի տարածքում բացազատված «Բարեկամության տուն» միջոցառմանը, որտեղ իրենց մշակութային տաղավարներն են ներկայացրել Միջազգային բանակային խաղերի մասնակից պետությունները։

«Ունենք լիովին աջակցություն և կարող եմ ասել` չէ՛, բառ չեմ լսել այստեղ։ Գործնական քայլեր ենք անելու մեր համագործակցությունը Ռուսաստանի հետ զարգացնելու ուղղությամբ»,–ասել է Կարապետյանը։

Անդրադառնալով սպառազինության թեմային` նա շեշտել է, որ պլանավորում են ունենալ որակյալ և նոր սպառազինություն։ Նրա խոսքով` ավելի լավ է ունանալ քիչ, բայց որակով սպառազինություն` հստակ իմանալով, որ այն գործելու է։

Պաշտպանության նախարարը նշել է նաև, որ Հայաստանը պետք է սեփական զենքի արտադրությունն ունենա։

«Այս հարցում Ռուսաստանից նույնպես ունենք աջակցություն` համատեղ ձեռնարկությունների բացման տեսքով։ Արագ դա անելու ենք։ Բացի այդ, չպետք է թույլ տանք, որ պաշտպանության նախարարության և արտադրող ձեռնարկությունների մեջ միջնորդներ լինեն»,–ասաց նախարարը։

Նա իր խոսքն ամփոփեց` ասելով, որ այս ամենի արդյունքում անպայման նոր արդիականացված բանակ ենք ունենալու և կարողանալու ենք դիմակայել առկա մարտահրավերներին։

Հավելենք, որ Կարապետյանն այցելել է «Պատրիոտ» կենտրոն, որտեղ անցկացվում է «ԱրՄի 2021» ռազմատեխնիկական համաժողով-ցուցահանդեսը:

Պաշտպանության նախարարը նաև աշխատանքային մի շարք հանդիպումներ է ունեցել ռազմարդյունաբերական ընկերությունների ղեկավարների հետ։