գլխավոր Գլխավոր ՄԻՊ կարևոր հայտարարությունը

ՄԻՊ կարևոր հայտարարությունը

Քիչ առաջ ՄԱԿ-ում գործող հատուկ բանաձևով ընդունված աշխատանքային խմբին ուղարկեցինք վարձկանների մասին Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանի հաղորդումը:

Խոսքը վերաբերում է ծայրաստիճան վտանգավոր տվյալներին այն մասին, որ Թուրքիան Սիրիայի հյուսիսային հատվածից, Լիբիայից Ադրբեջան է տեղափոխել 3,000-4,000 զինվորական վարձկանների՝ Արցախի (Լեռնային Ղարաբաղի) ու Հայաստանի դեմ զինված հարձակումներում օգտագործելու նպատակով:

Այս տվյալներն ավելի ու ավելի են հաստատվում: Երեկ ևս մեկ հաղորդում էլ ուղարկել ենք ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդին ու միջազգային մյուս կառույցներին:

Այս տվյալները հաստատել են մի շարք պետություններ, ինչպես նաև դրանք շարունակում են հաստատվել միջազգային լրատվամիջոցների հրապարակումներով:

«The Guardian»-ի, օրինակ, սեպտեմբերի 30-ին հրապարակել է Ադրբեջան տեղափոխված վարձկանների ընտանիքների հետ հարցազրույցներ ու դրանով ևս մեկ անգամ հավաստել, որ նրանք պատերազմում են Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի (Արցախ) դեմ: https://www.google.com/…/nagorno-karabakh-at-least

Սա կբերի հումանիտար աղետի Հայաստանից ու Արցախից բացի, նաև ողջ տարածաշրջանի համար՝ ուղեկցվելով ոչ միայն մարդկային զոհերով, այլ նաև դաժանություններով ու ավերածություններով, ռազմական ու մարդկության դեմ ուղղված ծանր հանցագործություններով:

Զինված հարձակումների առաջին օրից՝ սեպտեմբերի 27-ից սկսած արդեն իսկ արձանագրվող թիրախային հարձակումները խաղաղ բնակչության նկատմամբ, ագրեսիվ ատելությունն ու
բռնության կոչերը էթնիկ հայերի նկատմամբ ստեղծում են բոլոր նախադրյալներն առավել ծանր հետևանքների համար:

ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհուրդը 2019 թվականի սեպտեմբերի 26-ի 42/9 հատուկ բանաձևով խիստ դատապարտել է վարձկանների օգտագործումը հենց ժողովուրդների ինքնորոշման իրավունքի իրացումը խոչընդոտելու նպատակով, դա համարել ինքնին հանցագործություն, սպառնալիք անվտանգությանը, խաղաղությանն ու մարդու իրավունքներին:

Անհրաժեշտ են միջազգային կառույցների կոնկրետ արդյունք տվող, պատերազմը կանխող գնահատականներ ու քայլեր՝ իրենց կարգավիճակների առավելագույն հնարավորություններով: Սպանվում են մարդիկ՝ երեխաներ, կանայք ու տարեցներ, ոչնչացվում են բնակավայրեր:

Միջազգային հանրությունն ու հատկապես մարդու իրավունքների ոլորտի կառույցները պարտավոր են անել այն, ինչի համար ստեղծված են: Այս օրերին է ամրապնդվում այդ կառույցների հեղինակությունն ու երաշխավորվում
մարդու իրավունքները:

Պասիվությունը կամ իրական քայլերի բացակայությունը միայն նպաստում է պատերազմի շարունակությանը և խաթարում այն նպատակները, որոնց համար ստեղծված են այդ կառույցները: