գլխավոր Տեխնո Տասը տարի անց սմարթֆոնները բոլորովին անպետք կդառնան. փորձագետ

Տասը տարի անց սմարթֆոնները բոլորովին անպետք կդառնան. փորձագետ

Սմարթֆոններն իրենց արդիականությունը կկորցնեն արդեն 10 տարի անց. բջջային սարքերը կդառնան մնացուկ, որից կօգտվեն միայն հին իրերի սիրահարները, հայտնում է ՌԻԱ Նովոստին։ Նման հեռանկարի մասին խոսել է փորձագետ, Veon խմբի թվային արտադրանքի գծով ղեկավար Ջորջ Հելդը, որը նախկինում այդ ուղղությունը համակարգել է «Վիմպելկոմում»։

Ինչպես նշել է Հելդը, սմարթֆոնն այսօր գերազանցապես  օգտագործվում է նույնականացման և տվյալների ստացման համար։ Սակայն անձը հաստատել կարելի է նաև կենսաչափական տեխնոլոգիաների կիրառմամբ. օրինակ`  դեմքով, ձայնով, քայլվածքով և այլն։ Տեղեկություն ստանալու գործընթացը կարելի է կազմակերպել նաև առանց սմարթֆոնի, օրինակ, աչքի առաջ ունեցած էկրանի օգնությամբ, որը կստեղծվի որևէ կրիչ սարքի օգնությամբ։

«Հեռախոսը կդառնա մնացուկ, որը պետք չի լինի արդեն 10 տարի հետո։ Այլ տեխնոլոգիաներ կհայտնվեն, որոնք ավելի հարմար կլինեն օգտագործման համար, քան ներկայիս «գրպանի ընկերը»», – ասել է Հելդը։ Փորձագետը հավելել է, որ սմարթֆոններն իսկզբանե փակուղային տեխնոլագիա էին, սակայն կարևոր դեր խաղացին տեխնոլոգիական առաջընթացի համար։

Նշենք, որ մասնագետի կանխատեսումը բավական համարձակ է։ Մարդկանց կյանքը լրջորեն փոխած սմարթֆոնները, նույնպես բավական արագ տարածվեցին, այնպես որ սցենարը, որի համաձայն դրանք շատ արագ կփոխարինվեն մեկ այլ տեխնոլոգիայով, այդքան էլ ֆանտաստիկ չի թվում։