գլխավոր Գլխավոր Հայերը թույլ չեն տա, որ Ցեղասպանությունը կրկնվի. նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը «Ալ...

Հայերը թույլ չեն տա, որ Ցեղասպանությունը կրկնվի. նախագահ Արմեն Սարգսյանի հարցազրույցը «Ալ Ջազիրա»-ին (տեսանյութ)

Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը «Ալ Ջազիրա» հեռուստաընկերության «Հատուկ հարցազրույց» (Special Interview) ծրագրին տված հարցազրույցում խստորեն դատապարտել է Թուրքիայի ներգրավվածությունն ու ակտիվ մասնակցությունն այս օրերին Լեռնային Ղարաբաղի Հանրապետության դեմ Ադրբեջանի նախաձեռնած պատերազմական գործողություններին.

Հարց – Պարոն նախագահ, Դուք այսօր պատրա՞ստ եք խնդրի խաղաղ կարգավորման:

– Այսօր իրավիճակը փոխվել է այն պատճառով, որ ներգրավված է Թուրքիան, և ներգրավված է ուղղակիորեն՝ գեներալներով, սպաներով, խորհրդատուներով, Սիրիայից բերված վարձկաններով: Նրանք նաև օգտագործում են թուրքական արտադրության դրոններ, F-16 կործանիչներ: Միջազգայնորեն սա կարող է մեկնաբանվել որպես էթնիկ զտում: Ի սկզբանե Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև գոյություն ուներ խնդիրը խաղաղ կարգավորելու համար մեխանիզմ՝ բանակցությունները: Սակայն այն պահից, ինչ Թուրքիան ներգրավվեց…

Հարց- Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարում է, թե Հայաստանի զինվորները կռվում են Լեռնային Ղարաբաղի հայերի հետ միասին: Ինչպե՞ս կմեկնաբանեք դա:

– Նրանք հայեր են և չեն կարող թույլ տալ, որ մեկ այլ ցեղասպանություն տեղի ունենա՝ Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանությունից 105 տարի անց: Նրանք կամավորներ են, ովքեր եկել են աջակցելու իրենց հայրենակիցներին: Նրանք չեն եկել որևէ երրորդ երկրից, ինչպես Ադրբեջանի պարագայում է: Թուրքիան այժմ ներգրավված է Լեռնային Ղարաբաղի հայերի դեմ կռվում և էթնիկ զտման մեջ: Եթե կամավորներն օգնում են իրենց եղբայրների ու քույրերին, ապա այստեղ որևէ սխալ բան չկա:

Հարց- Այսինքն, Դուք ընդունում եք, որ կան հայ կռվողներ, ովքեր ո՛չ Հայաստանից են և ո՛չ էլ տարածաշրջանից: Սա Ձեզ համար բնակա՞ն է:

– Սա բացարձակ բնական է, քանի որ մենք փոքր պետություն ենք, բայց համաշխարհային ազգ: Սա բնական է, քանի որ յուրաքանչյուր հայ հիշում է, որ 105 տարի առաջ նույն Թուրքիան, որն այժմ ներգրավված է Լեռնային Ղարաբաղում, 1.5 մլն հայերի կոտորեց: Նույն Թուրքիան, որը հայերի էթնիկ զտումներ իրականացրեց Օսմանյան կայսրությունում և ստեղծեց սփյուռքը: Այս բոլոր մարդիկ հիշում են սա: Մենք՝ որպես ազգ, և մեր բարեկամները ոչ մի դեպքում չենք թույլ չեն տա, որ Ցեղասպանությունը կրկնվի: