գլխավոր COVID-19 ՀՀ և ՌԴ առողջապահության նախարարները քննարկել են պատվաստանյութերի մատակարարման հարցը

ՀՀ և ՌԴ առողջապահության նախարարները քննարկել են պատվաստանյութերի մատակարարման հարցը

Հայաստանի և Ռուսաստանի առողջապահության նախարարներ Անահիտ Ավանեսյանն ու Միխայիլ Մուրաշկոն քննարկել են Հայաստանին կորոնավիրուսի դեմ ռուսական պատվաստանյութերի մատակարարման ոլորտում համագործակցության հարցը:

ՌԴ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ հեռախոսազրույցի ընթացքում քննարկվել են կորոնավիրուսային վարակի դեմ քաղաքացիների պատվաստման ընթացքը, Հայաստանի Հանրապետությանը ռուսական պատվաստանյութերի մատակարարման ոլորտում համագործակցության հարցերը, ինչպես նաև 2021 թվականին Ռուսաստանի Դաշնությունում նախատեսվող հայ–ռուսական առողջապահական VI համաժողովի անցկացմանը վերաբերող կազմակերպչական հարցեր։

Կողմերն ընդգծել են առողջապահական բոլոր ներկա խնդիրների շուրջ Ռուսաստանի և Հայաստանի համագործակցության բարձր մակարդակը:

Հիշեցնենք, որ Ավանեսյանը հուլիսի 29-ին` կառավարության նիստից հետո, լրագրողների հետ զրույցում նշել էր, որ շուտով Հայաստանում կլինեն չինական արտադրության «Սինոֆարմ» և ամերիկագերմանական «Պֆայզեր» պատվաստանյութերը: