գլխավոր Գլխավոր Թուրքիայի կողմից՝ Սիրիայից և Լիբիայից օտարերկյա զինյալ ահաբեկիչների տեղափոխումը Ադրբեջան ունի հեռահար...

Թուրքիայի կողմից՝ Սիրիայից և Լիբիայից օտարերկյա զինյալ ահաբեկիչների տեղափոխումը Ադրբեջան ունի հեռահար նպատակներ. Աննա Նաղդալյան

Նախարարության կողմից հավատարմագրվել էին ավելի քան 50 միջազգային առաջատար լրատվամիջոցների լրագրողական թիմեր՝ մոտ 200 լրագրողներ, և հարյուրից ավելին արդեն աշխատում էին Արցախում: Այս մասին հայկական միասնական տեղեկատվական կենտրոնում հայտնեց Արտաքին գործերի նախարարի մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը՝ նշելով, որ լրագրողները հայտնվել էին կրակի ներքո:

Նա նշեց, որ Ֆրանսիայից ծանր վիրավորում ստացած լրագրողը վիրահատվել է Արցախի հիվանդանոցներից մեկում, կազմակերպվում է լրագրողի տեղափոխումը ՀՀ: Նա նշեց, որ լրագրողներին տեղափոխող մեքենան թիրախավորման կետում է հայտնվել, թեև լրագրողներն ունեցել են հատուկ տարբերանշաններ և արտահագուստ:

Նա նշեց, որ բնակչությանը և քաղաքացիական ենթակառուցվածքների դիտավորյալ թիրախավորումը հրետանու և ծանր տեխնիկայի կիրառմամբ հանդիսանում է միջազգային իրավունքի խախտում և նման գործելաոճը խստորեն դատապարտելի է:

Ինչ վերաբերում է Թուրքիայի ներգրավվածությանը, ապա Աննա Նաղդալյանն ասաց, որ թուրքական զինուժի սադրիչ գործողությունները խարխլում են տարածաշրջանային անվտանգությունը և խաղաղությունը, խաթարում միջազգային հանրության՝ մարտական գործողությունները դադարեցնելու ջանքերը: «Թուրքիայի կողմից Սիրիայից և Լիբիայից օտարերկյա զինյալ ահաբեկիչների տեղափոխումը Ադրբեջան ունի հեռահար նպատակներ»,-ասաց նա և նշեց, որ Ադրբեջանը կարող է այդ խմբավորումների տեղակայման վայր դառնալ, իսկ տարածաշրջանը վերածվել արյունահեղության դաշտի: Նա նկատեց, որ այս հեռանկարը վտանգ է ներկայացնում նաև հարևան տարածաշրջանների համար:

«ժամեր առաջ Արտաքին գործերի նախարարի հեռախոսազրույց է ունեցելի ֆրանսիացի գործընկերոջ հետ և ներկայումս Հունաստանի գործընկերոջ հետ տեսակոնֆերանս է իրականացնում»,-տեղեկացրեց նա: