գլխավոր Հասարակություն Տաքսիների մատուցած ծառայությունների որակի ստանդարտներ պետք է ունենանք. Փաշինյան

Տաքսիների մատուցած ծառայությունների որակի ստանդարտներ պետք է ունենանք. Փաշինյան

Տաքսիների մատուցած ծառայությունների որակի հետ կապված որոշակի ստանդարտ պետք է ունենանք։ Կառավարության նիստի ժամանակ հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

«Հայաստանում ստանդարտ տաքսի ծառայությունը մեռնող ծառայություն էնկատի ունեմ այն դեպքը, երբ մարդիկ ձեռքով տաքսի են կանգնեցնում ու նստում։ Հարցն այն է, որ հիմա ավելի շատ ինտերնետային տաքսի ծառայություններն են ավելացել։ Տաքսի ծառայությունների որակի հետ կապված ստանդարտների ներդրումը պետք է սկսենք օդանավակայանում ծառայություն մատուցող տաքսիներից հետագայում այն տարածելով ամբողջ հանրապետության վրա»,–ասաց Փաշինյանը։

Բացի այդ, ըստ նրա, հարկային հատվածն ու որակի մասը պետք է իրարից առանձնացնենք։ ՀՀ վարչապետի խոսքով` հարկային առումով անհրաժեշտ է ունենալ այնպիսի մեխանիզմ, որ պետությունը հնարավորինս քիչ գործ ունենա անհատի հետ։ Իսկ որակի առնչությամբ տեսչական վերահսկողության պետք է իրականացվի։

Ի պատասխան էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը նշեց, որ պետք չէ թերագնահատել ավանդական տաքսի ծառայությունը. այն դեռ հայաստանյան շուկայի կեսից ավելին է։

«Ինչ վերաբերում է հարկային մասին, ապա տաքսի ծառայություն մատուցող ընկերությունները միջնորդավճար են վերցնում վարորդից, որի համար ընկերությունը պարտավոր է պետությանն ԱԱՀ վճարել։ Սակայն տաքսիստն իր եկամուտներից հարկ չի վճարում` այս հարցը պետք է լուծվի»,–ասաց նախարարը։

Նրա խոսքով` այլ երկրներում հարկային ծախսերն իր վրա վերցնում է պլատֆորմը` վարորդներին ազատելով հարկերից, և պետությունն աշխատում է ոչ թե ամեն մի տաքսիստի հետ առանձին, այլ հենց պլատֆորմների հետ։

Հիշեցնենք, որ կառավարությունն այսօր հավանության արժանացրեց Հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը, ըստ որի` հարկային օրենսգրքում ավելացվելու է էլեկտրոնային ծառայություն հասկացությունը, այսինքն` էլեկտրոնային հարթակներում տեղադրվող գովազդները կհարկվեն։