գլխավոր Աշխարհ Հունաստանում անտառային հրդեհները մոտեցել են Օլիմպիական խաղերի «ծննդավայրին». կրակով շրջապատված վանականները հրաժարվել...

Հունաստանում անտառային հրդեհները մոտեցել են Օլիմպիական խաղերի «ծննդավայրին». կրակով շրջապատված վանականները հրաժարվել են լքել վանքը. The Guardian

Հունական Էվիա կղզում մոլեգնող անտառային հրդեհը ոչնչացրել է առնվազն 150 տուն: Կրակ շրջապատել է  վանքն ու տասնյակ գյուղեր, գրում է The Guardian-ը` մանրամասնելով, որ Սուրբ Դավիթ վանքի երեք վանականներ հրաժարվել են հեռանալ, սակայն մոտակա գյուղերից բոլորը տարհանվել են:

«Մենք շնչահեղձ ենք լինում ծխի պատճառով», – գործակալությունների մեկի հետ հեռախոսազրույցում պատմել է վանականներից մեկը՝  նկարագրելով վանքը շրջապատող 30-40 մետր բարձրությամբ բոցերը: 

Ոստիկանությունը հայտնել է, որ վանականներին կստիպի տարհանվել, եթե նրանց կյանքին վտանգ սպառնա: Լողափում հավաքված շուրջ 85 մարդ տարհանվել է հինգ նավակով:

Աղբյուրը գրում է, որ սա մեկն է մոտ հարյուր անտառային հրդեհներից, որոնք այս օրերին պատուհասել են Հունաստանը:

Հինգշաբթի առավոտյան հրշեջները շարունակել են մարել Աթենքի մերձակայքում բռնկված հրդեհը, մինչդեռ Օլիմպիական խաղերի ծննդավայր Օլիմպիայի քաղաքապետը օգնություն է խնդրել, քանի որ կրակը սպառնում է այդ վայրին: Օլիմպիայում մոտ 100 հրշեջ պայքարում է կրակի դեմ, նրանց  օգնում են երեք ուղղաթիռ և երկու ինքնաթիռ:

Հրդեհները բռնկվել են, քանի որ Հունաստանը գտնվում է շոգ ալիքի ճիրաններում: Փորձագետները նախազգուշացրել են, որ գլոբալ տաքացումը մեծացնում է նման հրդեհների հաճախականությունը և ուժգնությունը:

«Այն ամենը, ինչ կարելի է անել թանգարանն ու հնագիտական վայրը, որտեղից սկսվել են Օլիմպիական խաղերը, փրկելու համար, արվել է», – ասել է մշակույթի նախարար Լինա Մենդոնին: