գլխավոր Իրադարձային Հոգեբուժարաններում ոչ հոժարակամ կամ մարդու կամքին հակառակ բուժման ավարտի հետ կապված պրակտիկան...

Հոգեբուժարաններում ոչ հոժարակամ կամ մարդու կամքին հակառակ բուժման ավարտի հետ կապված պրակտիկան բացարձակ անթույլատրելի է․ ՄԻՊ

ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում ասվում է․ 

«Բացարձակ անթույլատրելի պրակտիկա է առկա՝ կապված հոգեբուժարաններում ոչ հոժարակամ կամ մարդու կամքին հակառակ բուժման ավարտի հետ. բժշկական անձնակազմը եզրահանգման է գալիս, որ մարդն այլևս ստացիոնար բուժման կարիք չունի, ապաքինվել է և բուժումը պետք է դադարեցվի, բայց դուրս գրել հնարավոր չի լինում, քանի որ դատարաններում անորոշ ժամանակով ձգձգվում են հոգեբուժարանների դիմումների քննարկումները:

Մարդիկ ստիպված են անորոշ վիճակում օրերով մնալ ազատությունից զրկված վիճակում՝ հոգեբուժարանում և սպասել, թե երբ դատարանն իրենց բուժման ավարտի կամ այլ կերպ` իրենց դուրսգրման ու ազատ արձակման վերաբերյալ որոշում կկայացնի:

Սա խնդիր է նաև հոգեբուժարանի համար:

Այն վեր ենք հանել Մարդու իրավունքների պաշտպանի կանխարգելման ազգային մեխանիզմի (NPM) կարգավիճակով գործառույթների շրջանակում և առաջիկայում առավել մանրամասն կանդրադառնանք: Օրենսդրական կարգավորումներն էլ թերի են»: