գլխավոր Իրադարձային Մարդիկ կորցրել են նույնիսկ ապրելու պատրանքը. Հռոմի պապը խոստացել է այցելել Լիբանան

Մարդիկ կորցրել են նույնիսկ ապրելու պատրանքը. Հռոմի պապը խոստացել է այցելել Լիբանան

Հռոմի պապ Ֆրանցիսկոսը մեկ ամիս առաջ աղիների վիրահատության ենթարկվելուց ի վեր առաջին հանրային հանդիպման ժամանակ հայտնել է, որ Լիբանան այցելելու մեծ ցանկություն ունի, գրում է  reuters.com-ը:

84-ամյա պոնտիֆիկոսն անդրադարձել է ուղիղ մեկ տարի առաջ Բեյրութի նավահանգստում տեղի ունեցած ողբերգական պայթյունին, որի հետևանքով զոհվել է երկու հարյուր մարդ, իսկ երկրին պատճառվել է միլիարդավոր դոլարների վնաս:

Հռոմի պապի խոսքով՝ Լիբանանում, որը հայտնվել է ֆինանսական ճգնաժամի մեջ և կանգնած է վերջին 30 տարվա ամենավատ սոցիալական ճգնաժամի առջև, մարդիկ կորցրել են «նույնիսկ ապրելու պատրանքը»:

«Նվիրատուները պետք է օգնեն Լիբանանին հարության ճանապարհին», – ասել է կաթոլիկների հոգևոր առաջնորդը՝ կոչ անելով «ձեռնարկել կոնկրետ քայլեր, ոչ թե պարզապես խոսքեր», քանի որ շատերը, որոնք կորցրել են իրենց տունն ու աշխատանքը, հոգնած և մոլորված են:

«Սիրելի լիբանանցիներ, ձեզ այցելելու իմ ցանկությունը մեծ է: Եվ ես չեմ հոգնի ձեզ համար աղոթելուց, որպեսզի Լիբանանը վերադառնա որպես եղբայրության ուղերձ, խաղաղության ուղերձ ամբողջ Մերձավոր Արևելքի համար», – ասել է նա:

Բացի այդ, պոնտիֆիկոսը հաջողություն է մաղթել Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի ջանքերին` դոնորների համաժողովի ընթացքում Լիբանանի համար ավելի քան 350 միլիոն դոլարի օգնություն հավաքելու հարցում: