գլխավոր Իրադարձային Սյունիքում թուրքին բերել մարդկանց դիմաց եք կանգնեցրել ու հպարտանում եք՝ մեզ են...

Սյունիքում թուրքին բերել մարդկանց դիմաց եք կանգնեցրել ու հպարտանում եք՝ մեզ են ընտրել, սա եզակի ցինիզմ է.Աննա Գրիգորյանը՝ ՔՊ-ական պատգամավորներին

Ասում եք՝ մարդը բարձրագույն արժեք է, իսկ երբ սյունեցիներին ձերբակալում էին, նրանց ստորացնելով, արժանապատվությունը նվաստացնելով բերման էին ենթարկում, մտահոգություն արտահայտել ե՞ք այդ մարդկանց արժանապատվության վերաբերյալ, ես չեմ լսել: ԱԺ նիստի ժամանակ ասաց «Հայաստան» դաշինքի պատգամավոր Աննա Գրիգորյանը՝ դիմելով ՔՊ-ական պատգամավոր Սերգեյ Բագրատյանին.

«Երբ ԲՀԿ ցուցակով առաջադրվում էիք, անքակտելի արժանապատվության մասին տեղյա՞կ էիք, խոսքս պարտավորագրի մասին է, որ դուք ստորագրել եք, հույս ունեմ, որ այնտեղ ձեր անձը նվաստացնող որևէ արտահայտություն տեղ չի գտել»,-ասաց Աննա Գրիգորյանը:

Նա իր ելույթում անդրադարձավ նաև սահմանին տիրող իրավիճակին և նշեց, որ Շուռնուխում, Կապան-Գորիս և Կապան-Ճակատեն ճանապարհներին ադրբեջանցի զինվորականներ են կանգնած, քանի որ եռակողմ համաձայնագրից բացի, գաղտնի ևս մեկ հուշագիր է ստորագրվել, որով հստակ կոորդինատներով սահմանված է՝ որտեղ են կանգնելու հայ, ռուս և ադրբեջանցի սահմանապահները։

«Երբ խոսում եք Սյունքում տեղի ունեցողի մասին, մի՛ վկայակոչեք «Վարչատարածքային բաժանման» օրենքը, այլ պարզապես վկայակոչեք այն հուշագիրը, որը գաղտնի է ստորագրվել և որով էլ այդ ճանապարհները հայտնվել են ադրբեջանցիների վերահսկողության տակ»,-ասաց պատգամավորը:

Նա նաև նշեց, որ Գորիս-Կապան ճանապարհով անցնելիս հաճախ են միջադեպեր տեղի ունենում, օրինակ՝ ադրբեջանցիները քարերով հարվածում են մեքենաներին, ինչի պատճառով էլ մարդիկ վախենում են այդ ճանապարհով երթևեկելիս.

«Երբ Նապոլեոնի հաղթական կեցվածքով ելույթներ եք ունենում, հիշեք՝ ինչ իրավիճակում է գտնվում մեր երկիրը: Սյունիքում թուրքին բերել մարդկանց դիմաց եք կանգնեցրել ու հպարտանում եք՝ մեզ են ընտրել, սա եզակի ցինիզմ է»,-ասաց Աննա Գրիգորյանը: