գլխավոր Իրադարձային Մարդու իրավունքների պաշտպանն ու Նախագահը քննարկել են հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Մարդու իրավունքների պաշտպանն ու Նախագահը քննարկել են հայ–ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը

Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը հանդիպել է Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանի հետ:

Նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը քննարկել են հայ-ադրբեջանական սահմանին տիրող իրավիճակը` կապված սահմանային բնակչության իրավունքների խախտումների հետ:
Արման Թաթոյանը Նախագահին է ներկայացրել Գեղարքունիքի, Սյունիքի և Արարատի մարզերում Մարդու իրավունքների պաշտպանի փաստահավաք աշխատանքների, բողոքների քննության արդյունքները: Նա նշել է, որ ադրբեջանական զինված ուժերի անօրինական արարքներով շարունակաբար խախտում են Հայաստանի Հանրապետության սահմանային համայնքների բնակիչների իրավունքները: Փաստերն ապացուցում են, որ ադրբեջանական զինված ուժերը պարբերաբար հրահրում են հրաձգություններ, իսկ ՀՀ զինված ուժերը կատարում են բնակչության պաշտպանության գործառույթ:

Արման Թաթոյանը տեղեկացրել է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից այդ խախտումների փաստերն արդեն իսկ ներկայացվել են Հայաստանում գործող միջազգային կառույցներին և հավատարմագրված դիվանագիտական առաքելություններին։

Նախագահն ու Մարդու իրավունքների պաշտպանը մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակի շուրջ: