գլխավոր Իրադարձային Կոմունիկացիաների բացումն իրականում մեր օրակարգն է, ոչ թե Ադրբեջանի. Փաշինյան

Կոմունիկացիաների բացումն իրականում մեր օրակարգն է, ոչ թե Ադրբեջանի. Փաշինյան

Տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից է։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը նման հայտարարություն է արել Պաշտպանության նախարարության աշխատակազմի և Զինված ուժերի բարձրագույն սպայակազմին հետ հանդիպման ժամանակ, որոնց ներկայացրել է նորանշանակ նախարար Արշակ Կարապետյանին, տեղեկացնում են կառավարության մամուլի ծառայությունից:

«Ուզում եմ շատ հստակ լինի և կարծում եմ հրապարակային հայտարարություններից էլ բոլորդ այդ եզրակացություններն արել եք, որ տարածաշրջանային կոմունիկացիաների բացումը Հայաստանի Հանրապետության կառավարության առաջնահերթություններից է: Եվ ի՞նչ է անում Ադրբեջանը. փորձում է այս թեմային ավելացնել կոմպոնենտներ, որոնք իրենց բովանդակությամբ անընդունելի են Հայաստանի Հանրապետության համար»,–ասել է վարչապետը:

Նա նշել է, որ նկատի ունի, մասնավորապես, միջանցքի մասին խոսակցությունները: Փաշինյանի խոսքով` բոլորը պետք է իմանան, որ ՀՀ տարածքով միջանցքի վերաբերյալ երբեք որևէ պայմանավորվածություն չի եղել:

«Հայաստանի Հանրապետությունը ո՛չ բանավոր, ո՛չ գրավոր այդ թեմայի վերաբերյալ ոչ միայն որևէ պարտավորություն չի ստանձնել, այլև մենք բոլոր դեպքերում, երբ այդպիսի նախադասություններ հնչել են, հստակ մեր դիրքորոշումներն արտահայտել ենք: Եվ այն պայմանավորվածությունները, որ ունենք, ըստ էության, արտահայտված են նոյեմբերի 9-ի և հունվարի 11-ի հայտարարությունների մեջ»,–ասել է նա:

Նա շեշտել է, որ շատ է խոսվում այն մասին, նաև քաղաքական դաշտում շահարկումներ են տեղի ունենում, թե կան հայտարարություններին կից ինչ-որ գաղտնի արձանագրություններ, գաղտնի պայմանավորվածություններ:

«Բացարձակապես որևէ նման բան չկա: Կա՞ արդյոք պայմանավորվածություն կոմունիկացիաների բացման վերաբերյալ: Այո՛, կա այդպիսի պայմանավորվածություն: Եվ դա հստակ արձանագրված, ձևակերպված է հունվարի 11-ի հայտարարության մեջ»,–ասել է նա։

Փաշինյանը շեշտել է, որ այդ հայտարարության մեջ գրված է, որ Հայաստանի Հանրապետությունը պիտի հնարավորություն ունենա Ադրբեջանի տարածքով տարանցել բեռներ: Ադրբեջանը պիտի հնարավորություն ունենա Հայաստանի տարածքով տարանցել բեռներ:

Նրա խոսքով` հարց է առաջանու, թե ինչո՞ւ ենք ընդունել այդ օրակարգը:

«Որովհետև Ադրբեջանի վերջին՝ համարյա 30 տարվա քաղաքականությունը եղել է Հայաստանի շրջափակումը: Այսինքն՝ կոմունիկացիաների բացումն իրականում մեր օրակարգն է, ոչ թե Ադրբեջանի: Որովհետև մենք համարում ենք, որ կոմունիկացիաների բացումով հաղթահարում ենք Հայաստանի Հանրապետությունը շրջափակելու Ադրբեջանի քաղաքականությունը: Եվ Ադրբեջանը միջանցքային տրամաբանությունը հենց դրա համար է առաջ բերում՝ իմանալով, որ դա մեզ համար անընդունելի է: Նա ուզում է, որ իրադարձություններն այնպես զարգանան, որպեսզի կոմունիկացիաների բացում տեղի չունենա»,–ասել է նա։