գլխավոր Իրադարձային Նախագահ Սարգսյանը շնորհավորել է օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանին

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանին

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Տոկիոյում ընթացող ամառային օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանի հետ: Տեղեկությունը հայտնում է նախագահի պաշտոնական կայքը։

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանի նվաճած բրոնզե մեդալը Հայաստանի օլիմպիական հավաքականի առաջին մեդալն էր Տոկիոյի օլիմպիական խաղերում, ինչպես նաև Հայաստանի անկախությունից ի վեր առաջին օլիմպիական մեդալը մարմնամարզությունից։

«Հանրապետության նախագահը ջերմորեն շնորհավորել է Արթուրին մեր երկիրը պատվով ներկայացնելու համար, մաղթել նրան նորանոր հաջողություններ ու ձեռքբերումներ»,–նշված է հաղորդագրության մեջ։

Նշենք, որ Ճապոնիա աշխատանքային այցի ընթացքում նախագահ Արմեն Սարգսյանը օլիմպիական մարզադաշտում հետևել էր մարմնամարզիկ Արթուր Դավթյանի առաջին մրցելույթին, որի ժամանակ մեր մարզիկը հաջողությամբ հաղթահարել էր հենացատկի որակավորման փուլը: