գլխավոր Քաղաքականություն Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

Դավիթ Տոնոյանն ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

ՀՀ պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը հոկտեմբերի 1-ին ընդունել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Ջոնաթան Լաքոտին, հայտնում են ՀՀ պաշտպանության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից:

Դեսպանն իր ցավակցությունն է հայտնել վերջին օրերի մարտական գործողությունների հետևանքով զինվորական և քաղաքացիական զոհերի կապակցությամբ, նշել, որ Ֆրանսիան խիստ անհանգստացած է իրավիճակի լարվածությամբ և ուշադրությամբ հետևում է զարգացումներին:

ՀՀ պաշտպանության նախարարը տեղեկացրել է, որ Թուրքիայի անվերապահ աջակցությամբ Ադրբեջանի նախաձեռնած ռազմական գործողությունների ծավալն աննախադեպ է, դրանք ընթանում են շփման գծի ամբողջ երկայնքով: Դավիթ Տոնոյանն ընդգծել է, որ  պաշտպանության բանակը կատարում է իր առջև դրված խնդիրները, զարգացնելով հաջողությունը և զսպելով հակառակորդի սանձազերծած ագրեսիան, իսկ ադրբեջանական զինված ուժերի նախահարձակ գործողությունները շարունակաբար ստանալու են կործանարար հարվածներ և այդ գործընթացն արդեն սկսվել է։

Հանդիպման ընթացքում պայմանավորվածություն է ձեռք բերվել մշտապես կապի մեջ լինելու և զարգացումների վերաբերյալ տեղեկատվություն փոխանակելու մասին: