գլխավոր Իրադարձային Ժամանակը ցույց կտա, թե չագուչն ում գլխին կկոտրվի. Վահե Հակոբյան

Ժամանակը ցույց կտա, թե չագուչն ում գլխին կկոտրվի. Վահե Հակոբյան

Առուշ Առուշանյանի և Քարահունջի համայնքապետի միջև առերեսում եղել է։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ այս մասին ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Վահե Հակոբյանը։

Նրա խոսքով Քարահունջի համայնքապետն առերեսման ժամանակ ուղղորդված պնդել է իր ցուցմունքը։

Անդրադառնալով Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի կալանավորված աշխատակիցներին՝ Վահե Հակոբյանը նշեց, որ երկու աշխատակիցներից մեկը 2 ամսով է կալանավորվել, իսկ մյուսը՝ մեկ ամսով։

«Քանի որ կոմբինատի խորհրդում դադարեցված են իմ լիազորությունները, չէի ուզի մեկնաբանել որևէ բան»,-ասաց Վահե Հակոբյանը։

Հարցին՝ Միքայել Մինասյանը կոմբինատում բաժնեմաս ունի՞, Վահե Հակոբյանն ասաց, որ դա անհեթեթություն է. «Ոչ, չունի ո՛չ միջնորդավորված, ո՛չ էլ ուղիղ բաժնեմաս»։

Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանը քարոզարշավի ժամանակ խոստացել էր, որ չագուչն առաջինը կջարդվի կոմբինատի աշխատողների գլխին, Վահե Հակոբյանն ասաց. «Ժամանակը ցույց կտա, թե չագուչն ում գլխին կկոտրվի»։