գլխավոր Գլխավոր Թբիլիսիի հետ խաղում թուրքերը ցանկանում են իրենց ձեռքում պահել հաղթաթղթեր, այդ թվում՝...

Թբիլիսիի հետ խաղում թուրքերը ցանկանում են իրենց ձեռքում պահել հաղթաթղթեր, այդ թվում՝ Թբիլիսի-Երևան-Բրյուսել պոտենցիալ դաշինքը. Regnum

Ռուս քաղաքագետ, Մերձավոր Արևելքի և Կովկասի երկրների խնդիրների հարցերով փորձագետ Ստանիսլավ Տարասովը Regnum կայքում հրապարակված հոդվածում փորձել է բացատրել՝ Թուրքիայի ինչին է պետք Վրաստանի հետ դաշինքը:

Ստորև մասնակի կրճատումներով ներկայացնում ենք հոդվածը.

«Ինչպես հայտնում է թուրքական կառավարական Anadolu գործակալությունը, Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հեռախոսազրույց է ունեցել Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ: Ըստ հրապարակման, թուրքական կողմը Վրաստանը համարում է «տարածաշրջանային համագործակցության բանալի», ուստի Էրդողանը Ղարիբաշվիլիին առաջարկել է «վերակենդանացնել Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի միջև քաղաքական և տնտեսական համագործակցության հաջող ձևաչափը՝ պետությունների և կառավարությունների ղեկավարների մակարդակով»:

Իրոք, այն պահից, երբ Վրաստանի նախագահ դարձավ Սալոմե Զուրաբիշվիլին, Անդրկովկասի և Թուրքիայի պետությունների ղեկավարների գագաթնաժողովները դադարեցվեցին, չնայած որ բոլոր կողմերը հայտարարեցին իրենց միջև համագործակցությունը պահպանելու և շարունակելու պատրաստակամության մասին… Բայց Թբիլիսիի գործողություններում Անդրկովկասում տեղի ունեցավ «շահերի կենտրոնի» տեղաշարժ: Զուրաբիշվիլին սկսեց հստակեցնել, որ Անկարայի կառուցած տարածաշրջանային աշխարհաքաղաքական կոմբինացիաները համարում է «անհեռանկար»՝ ակնարկելով բացառապես եվրոպական կուրսի մասին:

Le Monde-ն կանխատեսում է, որ Թբիլիսին կողմնորոշված կլինի «ավելի շատ Եվրոպա» քաղաքականություն վարելու ուղղությամբ՝ իրեն առանձնացնելով Ադրբեջանից և Հայաստանից:

Զուրաբիշվիլին, որպես Ֆրանսիայում նախկին դիվանագետ, վստահ է, որ, ի տարբերություն տեղական ծագման քաղաքական գործիչների, լավ է տիրապետում եվրոպական քաղաքականության բոլոր բարդություններին և ունակ է անդրկովկասյան եվրոպական շինարարության պատմության առաջին գլուխը բացել, հատկապես հիմա, երբ Եվրամիությունը, Ղարաբաղյան երկրորդ պատերազմից հետո, սկսել է տարածաշրջանում ակտիվորեն խաղարկել «հայկական խաղաքարտը»:

Բացի այդ, Թուրքիայի ու Ֆրանսիայի հարաբերություններում խնդիրները սրվել են, իսկ Թբիլիսին դեռ Փարիզի կողմն է: Դրան գումարած այն փաստը, որ Անկարան ոչ միայն կորցրել է ԵՄ-ին ինտեգրվելու հեռանկարը, այլև հայտնվել է խռովությունների հենց այն էպիկենտրոնում, որը գրավել է գրեթե ամբողջ Մերձավոր Արևելքը: Եվրոպակենտրոն Վրաստանի համար անհարմար է դարձել Թուրքիայի հետ նոր հարաբերություններ կառուցել այնպիսի իրավիճակում, երբ Թուրքիայի քաղաքականության վերաբերյալ սուր քննադատություն է անընդհատ հնչում Ֆրանսիայից և Բրյուսելից՝ բուն Թուրքիայում եվրասիական հոսքերի աճի ֆոնին: Թբիլիսին սկսել է տվայտվել ուժային կենտրոնների արանքում:

Հիշեցնենք, որ հունիսի սկզբին Ղարիբաշվիլին իր առաջին պաշտոնական այցը կատարեց Անկարա`թուրքական կողմի հրավերով: Այն ժամանակ Էրդողանը կոչ արեց Վրաստանին միանալ այսպես կոչված Կովկասյան պայմանագրին կամ «Վեցյակի դաշինքին» (Թուրքիա, Իրան, Ռուսաստան, Վրաստան, Հայաստան, Ադրբեջան) ՝ նշելով միաժամանակ Ադրբեջան-Վրաստան-Հայաստան եռանկյունում հարաբերությունների կառուցմանն աջակցելու պատրաստակամությունը: Այսինքն՝ Թբիլիսիի հետ խաղում թուրքերը ցանկանում են հաղթաթղթեր պահել իրենց ձեռքում, այդ թվում՝ Թբիլիսի-Երևան-Բրյուսել պոտենցիալ դաշինքը, որպեսզի թույլ չտան Արևմուտքին վրացական խաղը վարել բացառապես իրենց շահերից ելնելով: 

Թուրքական Daily Sabah հրատարակության փոխանցմամբ՝ «Անկարան սկսել է Թբիլիսիին առաջարկել անդրկովկասյան իր նոր ռազմավարությունը, որը սկսել է հաշվի առնել նաև Ռուսաստանի շահերը»: Սա նոր իրավիճակ է ստեղծում տարածաշրջանում, որը կարող է անսպասելի հնարավորություններ ընձեռել տարածաշրջանային բազմաթիվ արտաքին խաղացողների համար:

Մինչև վերջերս ՆԱՏՕ-ի առաջատար երկրները հստակ ասում էին, որ Վրաստանը չի դառնա դաշինքի անդամ, և ազդակներ ուղարկում Թբիլիսիին՝  նրան հորդորելով կարգավորել հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այժմ վրացիներին նման ազդանշաններ է ուղարկվում Անկարայի կողմից՝ ձգտելով նրանց դուրս բերել Մոսկվայի հետ առճակատման գոտուց, որը համապատասխանում է թուրքական շահերին: Ինչ վերաբերում է բուն Վրաստանին, ապա այն պետք է որոշի նոր առաջնահերթություններ արտաքին քաղաքականության մեջ: Այս գործընթացը դժվար է լինելու»,-եզրափակել է Տարասովը: