գլխավոր Իրադարձային Ես որևէ առնչություն չունեմ հայրիկիս՝ Լոռու մարզի դատարանի նախագահի պաշտոնում նշանակվելու հետ....

Ես որևէ առնչություն չունեմ հայրիկիս՝ Լոռու մարզի դատարանի նախագահի պաշտոնում նշանակվելու հետ. Գևորգ Բաղդասարյան

Ես որևէ առնչություն չունեմ հայրիկիս՝ դատարանի նախագահի պաշտոնում նշանակվելու հետ։ Որևէ առնչություն չունեմ և չեմ կարող ունենալ։ Այս մասին լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՀՀ գլխավոր դատախազի տեղակալ Գևորգ Բաղդասարյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչո՞վ է պայմանավորված իրենց ընտանիքի առաջխաղացումը՝ հորը՝ Սուրեն Բաղդասարյանին Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի պաշտոնում նշանակվելը և այս տարիների ընթացքում իր՝ Գևորգ Բաղդասարյանի առաջխաղացումը։

Հարցին՝ արդյո՞ք այդ առաջխաղացումների հիմքում ընկած է դատախազի էնտուզիազմը, նվիրումը դատական գործընթացներին, որոնք ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի համար խիստ էական են (մասնավորապես, ՀՀ երկրորդ նախագահին առնչվող գործով), Բաղդասարյանն արձագանքեց, թե ինքն էնտուզիազմ և նվիրում ունի իր աշխատանքի նկատմամբ, նույն էնտուզիազմով ներկայացել է բոլոր դատական նիստերին։

«Եթե որևէ մեկը կարող է նայել աչքերիս մեջ և հերքել, ցանկացածը, որն առնչվել է իմ աշխատանքի հետ, առաջարկում եմ՝ հրապարակային հայտարարություն անի։ Ես ամենաերկարն աշխատել եմ որպես Երևան քաղաքի դատախազ, հետևաբար, մեկնաբանությունները, թե սույն գործով ներգրավվելուց հետո է առաջխաղացում եղել, ճիշտ չէ»,-ասաց նա։

Անդրադառնալով Սուրեն Բաղդասարյանի՝ դատարանի նախագահի պաշտոնում նշանակվելու վերաբերյալ հարցին, Գևորգ Բաղդասարյանը նշեց, որ տրամաբանությունից դուրս է, որ գլխավոր դատախազի տեղակալը որևէ ազդեցություն կարող է ունենալ դատարանի նախագահի ընտրության հարցում, որովհետև դատարանի նախագահ ընտրվում է ԲԴԽ-ի կողմից, և ինքը որևէ կապ ունենալ չի կարող։