գլխավոր Իրադարձային Ռուս պրանկերները խաբել են ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեին...

Ռուս պրանկերները խաբել են ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեին (տեսանյութ)

Հայտնի ռուս պրանկերները, ներկայանալով որպես ռուսական ընդդիմության ներկայացուցիչներ, կարողացել են հեռախոսազրույց ունենալ ԵԱՀԿ գործող նախագահ, Շվեդիայի ԱԳ նախարար Անն Լինդեի հետ և խաբել նրան, գրում է շվեդական Expressen-ը՝ նկատելով, որ այս երկուսը նախկինում նման զրույցներ են ունեցել այլ համաշխարհային ղեկավարների հետ:

Պրանկերները հայտնի են Վովան և Լեքսուս կեղծանուններով և կասկածվում են «ռուսական ռեժիմի» հետ համագործակցության համար, գրում է աղբյուրը՝ հավելելով, որ նրանք Լինդեի հետ զրույցը տեղադրել են յութուբյան էջում: 

«Արտաքին գործերի նախարարի համար կարևոր է բաց լինել տարբեր երկրների քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների հետ շփման և երկխոսության համար: Ցավալի է, որ այս բացությունն այսպես է օգտագործվում: Արտաքին գործերի նախարարությունն ունի անվտանգության որոշակի կանոններ, սակայն այս դեպքում դրանք ըստ հավուր պատշաճի չեն պահպանվել», – ասել են Շվեդիայի ԱԳ նախարարության մամուլի ծառայությունից:

Հատկանշական է, որ Անն Լինդեն ավելի քան տասը րոպե զրուցել է մարդկանց հետ, որոնք իրենց ներկայացրել են որպես ռուսական ընդդիմության ներկայացուցիչներ: Նրանք խոսել են Յուլիա Նավալնայայի՝ բանտարկված ընդդիմադիր քաղաքական գործիչ Ալեքսեյ Նավալնիի կնոջ, և Նավալնիի շտաբի պետ Լեոնիդ Վոլկովի անունից:

Զրույցի ընթացքում Անն Լինդեն խոսել է Ռուսաստանի քաղաքացիական հասարակությանը ցուցաբերվող օգնության և մարդու իրավունքների խախտման հետևանքով Ռուսաստանի դեմ ԵՄ պատժամիջոցների մասին: Նա հստակեցնում է, որ Շվեդիան կարող է ավելի շատ աջակցություն ցուցաբերել: Զրույցի տոնը դրական է, և զրուցակիցները մի քանի անգամ ծիծաղում են:

Կեղծ պատրվակներով պրանկերներն արդեն զանգահարել են Ֆրանսիայի նախագահ Մակրոնին, Բորիս Ջոնսոնին, երբ նա դեռ արտգործնախարար էր, Լեհաստանի նախագահ Դուդային, Թուրքիայի նախագահ Էրդողանին և շատ ուրիշների: Այս տարվա սկզբին նրանք զանգահարել էին Կանադայի վարչապետ Թրյուդոյին: